Նախիջևանի սահմանին տեղի ունեցածը կարող է կրկնվել. փորձագետը` վերջին «հրավառության» մասին

Ադրբեջանական դիրքերը հայկականին մոտեցնելը հղի է Նախիջևանի հատվածում շարունակական սրացումներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Նախիջևանի սահմանին տեղի ունեցած միջադեպն ադրբեջանական զորքերի գործողությունների օրինաչափ արդյունքն է, համոզված է Razm.info կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը։

Sputnik Արմենիա ռադիոկայանին տված հարցազրույցում նա նշեց, որ վերջին շրջանում ադրբեջանական ԶՈւ-ն նկատելի ակտիվացել է Նախիջևանի սահմանին։

Վրթանեսյաի խոսքով` Նախիջևանի բարդ ռելիեֆի պատճառով ադրբեջանական դիրքերը տեղակայվել են ինքնավար մարզի խորքերում։ Բայց հիմա դրանք մոտեցել են հայկական դիրքերին։ Սակայն շատ հատվածներում հայկական կրակակետերը նույնպես գտնվում են Նախիջևանի խորքերում։

«Միջդիրքային տարածքի կրճատման հետևանքով նման միջադեպերի հավանականությունն աճել է, ինչի մասին բազմիցս նախազգուշացրել է հայկական կողմը։ Միաժամանակ չի կարելի բացառել ապագայում նման փոխհրաձգությունների կրկնության հնարավորությունը», — հավելեց ռազմական փորձագետը։

Հիշեցնենք, որ հունիսի 30-ի երեկոյան և հուլիսի 1-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները նախիջևանյան ուղղության որոշ տեղամասերում փորձել էին դիրքային ամրապնդման ինժեներական աշխատանքներ իրականացնել։ Դրան ի պատասխան, ՀՀ զինված ուժերը պատասխան կրակ էին արձակել`թույլ չտալով, որ հակառակորդը կատարի իր խնդիրը: Հայաստանի զինված ուժերի արձակած կրակից ամբողջությամբ ավերվել ու այրվել էր հակառակորդի դիրքերից մեկը: