Մանվելի Գրիգորյանի հետքերով. ՊՆ–ն անմիջապես գեներալին ոչինչ չի փոխանցել

Գեներալի հետ կապված աղմկահարույց պատմությանն անդրադարձել է Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Զինված ուժերը անմիջապես գեներալ Մանվել Գրիգորյանին ոչինչ չեն փոխանցել։ Այս մասին այսօր՝ հուլիսի 2-ին, ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը։

Այս ամենը մեր բարոյական արժեհամակարգի հետ անհամատեղելի է. Բաբլոյանը` գեներալ Մանվելի մասին

Անդրադառնալով հայտարարությանը, որ «Երկրապահ» կամավորական միության նախագահ Մանվել Գրիգորյանի մոտ հայտնաբերված «Զինվորի բաժին» գրառումներով ապրանքներն և ներքնազգեստը օրինական կերպով է տրվել ԵԿՄ-ին, ԳՇ պետն ասաց.

«ԵԿՄ-ին տրամադրելը դեռ չի նշանակում տրամադրել Մանվել Գրիգորյանին։ Զինված ուժերը անմիջապես գեներալ Մանվել Գրիգորյանին ոչինչ չեն փոխանցել»։

Նա հայտնեց, որ բանակից ապրանքների տրամադրման կարգը վերանայվելու և խստացվելու է։

Հիշեցնենք` ԱԱԾ-ն հունիսի 17-ին տեսանյութ էր հրապարակել` ներկայացնելով ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա փողոցում գտնվող, Մանվել Գրիգորյանին սեփականության իրավունքով պատկանող հանգստյան գոտում, ինչպես նաև Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի տուն 46 հասցեում տեղակայված և Գրիգորյանին պատկանող առանձնատան կատարված խուզարկության արդյունքները:

Տեսանյութում երևում է, որ Մանվել Գրիգորյանին պատկանող հանգստյան գոտին վերածվել էր զինապահեստի, ռետրո և ժամանակակից տասնյակ ավտոմեքենաների ավտոպարկի: Ակնալճի ամառանոցը գեներալի համար ծառայել է նաև «զինվորի բաժին» նշագրումով սննդի, հիգիենիկ պարագաների, դեղորայքի, զինվորական հանդերձանքի պահեստարանի: Զինվորներին հասցեագրված արկղերին կից նամակներից ակնհայտ էր, որ արկղերի պարունակությունը դեռևս 2016-ին ապրիլյան քառօրյա պատերազմի օրերին ուղարկված օգնությունն էր առաջնագծի զինվորներին: Զինվորական շապիկներ, գուլպաներ, դեղորայք, բինտեր, վիրակապեր դեղահաբեր…

Գրիգորյանն այս պահին կալանավորված է։ Նրա որդին` Կարեն Գրիգորյանը, հրաժարվել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից։