ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Երևանում տեղի ունեցող ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին մասնակից պատվիրակությունների ղեկավարներին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ կառավարության մամուլի ծառայությունից, վարչապետը կարևորել Հայաստանի և ԱՊՀ երկրների դատախազությունների փոխգործակցության զարգացումը, իրավական փոխօգնության ոլորտում գործակցության մեխանիզմների բարելավումը:
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ՀՀ կառավարությունը վճռական պայքար է մղում կոռուպցիայի դեմ, այն կրելու է շարունակական բնույթ՝ երկրի հետագա զարգացման տեմպերն ավելացնելու նպատակով: Գործադիրի ղեկավարը հույս է հայտնել, որ ԱՊՀ երկրների դատախազությունների միջև կընդլայնվի փոխգործակցությունը, ինչը կնպաստի կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձրացմանը, օրինականության, մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդմանը:
Հանդիպման մասնակիցներն անդրադարձել են համագործակցության խորացման հեռանկարներին, ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի ներուժն առավել նպատակային օգտագործելու հնարավորություններին և ուղղություններին: Կարևորվել է հատկապես անդրազգային հանցավորության դեմ հասցեական պայքար մղելու համար օպերատիվ տեղեկատվության և փորձի փոխանակումը:
Կողմերը կարևորել են ԱՊՀ երկրների դատախազությունների միջև առկա փոխվստահության ամրապնդումը և համոզմունք հայտնել, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի նվազագույնի հասցնել կոռուպցիան և դրանից ածանցվող այլ արատավոր երևույթները: