ԵՄ երկրները դեմ չեն Հայաստանի հետ համաձայնագրի վավերացմանը. Աշոտյան

Համաձայնագիրն արդեն 80%–ով ուժի մեջ է մտել, մնում է միայն անհրաժեշտ ֆորմալ հարցերը լուծվեն, պարզաբանում է «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. ԵՄ ոչ մի երկրում խոչընդոտներ չկան Հայաստանի հետ համաձայնագիրը վավերացնելու համար։ Այս մասին լրագրողներին Բրյուսելում, լիակազմ նիստի արդյունքներն ամփոփելով ելույթ ունենալիս, ասաց «Եվրանեսթ»  խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը։

Վեհաժողովը միավորում է ԵՄ և Արևելյան գործընկերության երկրների խորհրդարանականներին (Ուկրաինա, Մոլդովա, Հայաստան, Վրաստան և Ադրբեջան։ Բելառուսը «Եվրանեսթին» չի մասնակցում – խմբ.)։

ԵԱՏՄ անդամ լինելը չի խանգարում, որ Եվրոպան հարաբերություններ զարգացնի Հայաստանի հետ

Հայկական կողմը ջանքեր կգործադրի, որպեսզի եվրոպական բոլոր երկրները վավերացնեն փաստաթուղթը մինչև 2019 թվականի Եվրահանձնաժողովի ընտրությունները։

Այնուամենայնիվ, շեշտում է Աշոտյանը, պետք չէ կարծել, թե ԵՄ–ի հետ համաձայնագիրը չի աշխատի, եթե եվրոպական խորհրդարանները այն չվավերացնեն։ Հունիսի 1-ից Երևանի և Բրյուսելի պայմանավորվածության համաձայն համաձայնագիրն ուժի մեջ է մտել 80%–ով։

Պարզապես պետք չէ մոռանալ, որ եվրոպական մի շարք երկրներում վավերացումը ժամանակ է պահանջում։ Հատկապես, եթե դրանք ոչ թե ունիտար, այլ ֆեդերատիվ պետություններ են, ինչպես Գերմանիան կամ Բելգիան։

Սակայն կարևոր է նշել, որ ԵՄ ոչ մի երկիր սկզբունքորեն դեմ չէ Հայաստանի հետ համաձայնագրին, ընդգծեց Աշոտյանը։

ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (ՀԸԳՀ) ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերին և ԵՄ–ի հետ ասոցիացիա չպահանջող հնարավոր առավելագույն համագործակցություն է ենթադրում։

Համաձայնագիրն արդեն վավերացրել են Բալթյան երկրների, ինչպես նաև Լեհաստանի և Լյուքսեմբուրգի խորհրդարանները։