ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Հայաստանի զինված ուժերն ուշադիր հետևում են զինվորներին անհրաժեշտ պարագաներով ապահովելու մասին հաղորդագրություններին, այսօր Երևանում լրագրողներին ասաց Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը։
«Եթե զինծառայողներն ինչ-որ բան չեն ստանում, և եթե կան համապատասխան փաստեր, ապա անհրաժեշտ է անհապաղ հաղորդել դրանց մասին»,- ավելացրեց նա։
Դավթյանը հավաստիացրեց` բոլոր այդ հարցերն օպերատիվ լուծում կստանան։
Մի քանի օր առաջ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ զինծառայողներին պարենամթերքով և անհրաժեշտ պարագաներով ապահովելը խիստ հսկողության տակ է։ Նա խոստացել էր` ցանկացած խախտում խստորեն կպատժվի։
Նշենք, որ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն ուսումնասիրում է բանակում վառելիք և ավտոպահեստամասեր հափշտակելու մասին հերթական գործը։