Հայաստանը կարող է դառնալ կամուրջ ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև. Բաբլոյանն ընդունել է ՌԴ դեսպանին

Բաբլոյանն ու Կոպիրկինն անդրադարձել են նաև ՀՀ ԱԺ և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստին առնչվող հարցերին, մեր երկրում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ընդունելով Հայաստանում Ռուսաստանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին, հույս է հայտնել, որ նա իր գործունեությամբ կնպաստի հայ-ռուսական բարեկամական կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը:

Երկու երկրների դաշնակցային և ռազմավարական հարաբերություններում Արա Բաբլոյանը կարևորել է խորհրդարանական դիվանագիտության դերը: Օրենսդիր մարմնի ղեկավարն անդրադարձել է միջազգային խորհրդարանական հարթակներում արդյունավետ համագործակցության շարունակականությանը:

ՌԴ նորանշանակ դեսպանը հավատարմագրերը հանձնեց Զոհրաբ Մնացականյանին

ԱԺ նախագահը  նշել է, որ Հայաստանը կարող է դառնալ  կամուրջ  ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև` նպաստելով  երկխոսությանը:

Սերգեյ Կոպիրկինը վստահեցրել է, որ կներդնի բոլոր ջանքերը  երկու ժողովուրդների դարավոր բարեկամության ամրապնդման, դաշնակցային հարաբերությունների  ընդլայնման ուղղությամբ:

Դեսպանը բարձր է գնահատել Արա Բաբլոյանի ներդրումը երկու երկրների հարաբերությունների զարգացման հարցում:

Զրուցակիցներն ընդգծել են Հայաստանի և Ռուսաստանի միջև կապերի դինամիկ զարգացումը բոլոր ոլորտներում,  արձանագրել  վերջին տարիների ձեռքբերումները: Այս համատեքստում  Արա Բաբլոյանը համոզմունք է հայտնել, որ այսուհետ ևս երկկողմ փոխգործակցությունը կշարունակի զարգանալ գործընկերության և վստահության մթնոլորտում:

Կողմերն անդրադարձել են նաև ՀՀ Ազգային ժողովի և ՌԴ Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հաջորդ նիստին առնչվող հարցերին, մեր երկրում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների: