Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին մեքենան գլորվել է ձորը

Հիվանդանոց տեղափոխված վարորդի վիճակը բժիշկները գնահատել են ծայրահեղ ծանր։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 2 հուլիսի — Sputnik. Ջաջուռ գյուղի մոտակայքում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 4 տուժած, նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունը, հուլիսի 1-ին, ժամը 19:27-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Ջաջուռ գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 10-րդ կմ-ին «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ռ. Ե., ծնված 1935 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 25-30 մ գլորվել ձորը:

ՃՏՊ-ի հետևանքով ավտոմեքենայի վարորդը, ուղևորները՝ Ջ. Ե.-ն (ծնված 1960 թ.) և Ն. Կ.-ն (ծնված 1981 թ.) հոսպիտալացվել են Գյումրու ԲԿ: Բժիշկները Ռ․ Ե.-ի առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր, Ջ. Ե.-ինը՝ միջին ծանրության, իսկ Ն. Կ.-ինը՝ բավարար։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: