Շուտով դպրոցների խորհուրդների ձևավորման կարգը կփոխվի. Արայիկ Հարությունյան

Կարթության և գիտության նախարարը կիրակի օրն էլ «դադար չունի»։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Արայիկ Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է դպրոցի հերթական տնօրենի աշխատանքային պարտականություններին կամայական վերաբերվելու հանգամանքը փաստող մի լուսանկար։

«Լուսանկարում այդ դպրոցի խորհուրդն է՝ գործող տնօրենի, որը միաժամանակ թեկնածու է, ընտանիքի ու գերդաստանի անդամներով։ Մարդու այս տեսակը յուրահատուկ ուսումնասիրության կարիք ունի, որովհետև այսքանից հետո նրանք ցանկանում են վերարտադրվել»,–գրել է նախարարը։

Նա տեղեկացնում է, որ շուտով դպրոցների խորհուրդների ձևավորման կարգը կփոխվի, որից հետո կբացառվեն «այսպիսի խայտառակությունները», թեև հիմա էլ օրենքը թույլ չի տալիս տնօրենի ընտրությունից երեք ամիս առաջ վերակազմավորել խորհուրդները։

«Լուսանկարից նաև ակնհայտ է դառնում, որ մարզպետարաններն ու նախկին իշխանությունները թքած ունեին կրթության կազմակերպման վրա։ Այլապես տնօրենի հորեղբոր որդին իրենց քվոտայով չէր հայտնվի ցուցակում»,– գրել է կրթության և գիտության նախարարը։