ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik, Աշոտ Սաֆարյան. Հայաստանի նախագահի և ԱՄՆ-ի պետքարտուղարի հանդիպումը նշանակալի իրադարձություն է, քանի որ այն նման բարձր մակարդակում առաջին շփումն է Հայաստանում տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» հետո։ Այդ մասին Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ Սուրեն Սարգսյանը՝ մեկնաբանելով Արմեն Սարգսյանի և Մայք Պոմպեոյի միջև Վաշինգտոնում տեղի ունեցած բանակցությունները։
«Պետք է փաստել, որ դա եղել է «Նոր Հայաստանի» նոր նախագահի առաջին հանդիպումն ԱՄՆ-ի պետքարտուղարի հետ։ Պոմպեոյի նախորդ Ռեքս Թիլերսոնը, ինչպես հայտնի է, այդ պաշտոնում կարճ է աշխատել և չի հասցրել հանդիպել Հայաստանի նախորդ ղեկավարության հետ», — հիշեցրեց փորձագետը։
Վաշինգտոնում պետքարտուղարի հետ հանդիպմանը Հայաստանի նախագահն ասել է, որ «Նոր Հայաստանը» պատրաստ է շարունակել ամրապնդել ԱՄՆ-ի հետ բազմակողմանի համագործակցությունը։
Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ քննարկումների հիմնական թեման հիմա տնտեսությունը և ներդրումներն են։ Նա ենթադրում է, որ Հայաստանի քաղաքական իրադարձությունները նոր հեռանկարներ են բացում երկկողմանի կապերի ակտիվացման համար։
Հայ-ամերիկյան տնտեսական օրակարգի հիմնական թեմաներից մեկը կրկնակի հարկումը բացառելու հարցն է, որը կընդլայնի ամերիկյան շուկա հայկական ապրանքներն արտահանելու հնարավորությունները։
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարը դեռ այս տարվա փետրվարին հայտարարել է, որ պատրաստ է դիտարկել կրկնակի հարկումը բացառելու թեման։
Հայաստանում կարծում են, որ ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի միջև «սառը պատերազմի» ժամանակներից գործող կրկնակի հարկման մասին օրենքը հիմա կորցրել է իր արդիականությունը և խանգարում է ԱՄՆ-ի և Հայաստանի միջև լիարժեք տնտեսական երկխոսությանը։
Կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը երկու կողմերի միջև կնքվող պայմանագիր է, որը սահմանում է կանոններ, որոնց համաձայն ֆիզիկական անձանցից և կազմակերպություններից հարկեր են գանձվում այն դեպքերում, երբ եկամուտ բերող ակտիվները չեն գտնվում եկամուտ ստացողի ռեզիդենտության երկրում։ Այլ կերպ ասած, եթե արտասահմանում աշխատող հայկական ընկերությունից հարկ են գանձել, ապա Հայաստանում արդեն չեն կարող կրկնակի գանձել (և հակառակը)։
Ինչպես կարծում է քաղաքագետը, առաջիկայում դժվար թե առաջխաղացում լինի այդ ուղղությամբ։ Նման համաձայնագրերի ստորագրումը բարդ և երկարատև գործընթաց է ցանկացած պետության և ԱՄՆ-ի համար։ Այստեղ շատ բան կախված է խոշոր և ազդեցիկ ներդրողներից, որոնք կարող են ազդել ամերիկյան վարչակազմի վրա և ստիպել նրան չեղարկել կրկնակի հարկումը։
Բայց, քանի որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև ապրանքաշրջանառությունն այդքան մեծ չէ, նման համաձայնագրի հույս առայժմ չկա։
Եվս մի թեմա, որն այսպես թե այնպես շոշափվում է երկկողմանի հարաբերություններում, Իրանի խնդիրն է։ ԱՄՆ-ը դուրս է եկել Իրանի հետ միջուկային գործարքից, իսկ Մայք Պոմպեոն Իրանի դեմ պատժամիջոցները խստացնելու կողմնակիցներից է։ Միաժամանակ Հայաստանը շարունակում է զարգացնել ռազմավարական գործընկերությունը հարավային հարևանի հետ, քանի որ շատ առումներով Թեհրանի հետ հարաբերություններն այլընտրանք չունեն Երևանի համար։ Ելնելով դրանից՝ Սարգսյանը կարծում է, որ ԱՄՆ-ը կշարունակի ըմբռնումով մոտենալ հայ-իրանական երկխոսությանը, հասկանալով, թե ինչ իրավիճակում է գտնվում հարավկովկասյան պետությունը՝ արևելքից ու արևմուտքից արգելափակված Ադրբեջանի և Թուրքիայի կողմից։