Սևանը հրավիրում է զով ու անվճար հանգստի

Հանրային լողափերն այս տարի չեն ավելացել, բայց կսպասարկեն 300 000 մարդու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. Հուլիսի 1-ից Սևանում պաշտոնապես բացվում են հանրային լողափերը։ Բացման արարողությանը մասնակցելու է նաև ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը։

Սևանա լիճ. Հայաստանի կապուտաչյա գեղեցկուհին

Սևանի ափին այսօր պաշտոնապես գրանցված է 11 հանրային լողափ, որոնցից հանրությանն անվճար ծառայություններ են մատուցում միայն 3-ը։ Դրանցում անվճար է ամեն ինչ, բացի սննդից։ Ավտոկայանատեղին, բուժսպասարկումը, փրկարար ծառայությունը, սպորտային և մանկական խաղահրապարակները, հանդերձարաններն ու լողաթախտերը, հովանոցները հանգստացողների համար այս երեք լողափերում անվճար են։

Ի դեպ, նախապես որոշված էր անվճար հանրային լողափերի թիվը հասցնել 8-ի, սակայն, ինչպես տեղեկացնում է «Սևան» ազգային պարկը, դրանցից մեկի նախագծա-նախահաշվային փաստաթղթերը պատրաստ են, բայց ֆինանսական միջոցների բացակայության պատճառով այն դեռ կահավորված չէ։ Իսկ մնացած 4-ն առայժմ նախատեսված են կարճատև հանգստի համար, ասել է թե` չունեն ոչ մի հարմարություն ու համապատասխան ծառայություններ։

«Սևան» ազգային պարկի տվյալներով` հանրային 11 լողափերը միասին կարող են տեղավորել 1000-1500 մարդու: Ամեն տարի ամռանը այնտեղ հանգստանում է միջինը 250-300 հազար մարդ։