Հաջորդ տարվանից առաջին դասարանցիների գրանցումը կլինի էլեկտրոնային. ԿԳ նախարար

Կայքը, որի մշակումն արդեն ավարտվում է, թույլ չի տա նախատեսվածից ավելի աշակերտներ ընդունել դպրոց և կկանխվեն կոռուպցիոն ռիսկերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik. 2018-19 ուս. տարվա առաջին դասարանցիների գրանցումը կարվի օն–լայն սկզբունքով. այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերով տեղեկացրել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարը։

Արայիկ Հարությունյանը կոչով դիմել է հայաստանյան հեռուստառադիոընկերություններին

Ըստ Արայիկ Հարությունյանի` այսպիսով կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը, եւ տնօրենները հնարավորություն չեն ունենա լիցենզիայով թույլատրվածից  ավելի թվով աշակերտ ընդունել:

«Որոշ տնօրեններ իրենց թույլատրված սահմաններից ավելի աշակերտներ են փորձում ընդունել առաջին դասարաններ, եւ ակնհայտ է դարձել, սա նաեւ համակարգային խնդիր է»

Նախարարը տեղեկացրել է, որ հաջորդ տարվանից կլինի համակարգային լուծում, այն է՝ այլեւս որեւէ տնօրեն առնչություն չի ունենա առաջին դասարանցիների ընդունելության հետ: «Կլինի առցանց համակարգ՝ կայք. սեպտեմբերից առաջին  դասարանցու ծնողը կմտնի տվյալ կայք, կբացի կոնկրետ դպրոցի էջը, եւ այնտեղ գրված կլինի, թե որքան թափուր տեղ կա առաջին դասարանցիների համար: Դիցուք, կլինի 38 տեղ, ծնողն իր անունը եւ երեխայի անունը կլրացնի, այնուհետեւ տնօրենները կիրականացնեն ընդունելություն»,- ասել է նախարարը:

Ըստ Արայիկ Հարությունյանի` կայքը գրեթե պատրաստ է։ Այժմ աշխատանքներ են տարվում այդ ամենի իրավական հիմքն ստեղծելու համար։ «Եվ արդեն հաջորդ տարվա սկզբին, երբ ժամկետ կսահմանվի ընդունելության համար, ծնողները կմտնեն կայք եւ կգրանցեն երեխաներին»,- ասել է նախարարը: