Զինվորները պետք է ՀԴՄ կտրոններ պահանջեն. նախարարը հրաման է ստորագրել

Զորամասերի խանութներում կսկսեն ՀԴՄ կտրոն տալ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաման է ստորագրել, ըստ որի` «Զինառի» սպասարկման կետերում հսկիչ-դրամարկղային մեքենաներ են կիրառվելու։ Facebook սոցիալական ցանցում այս մասին գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննսիյանը։

Զինծառայողները զորամասերում գործող «Զինառ» ՓԲԸ-ի սպասարկման կետերում` խանութներում, թեյարաններում, կարող են ՀԴՄ կտրոններ պահանջել։

«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հրաման է ստորագրել «Զինառ» փակ բաժնետիրական ընկերության առևտրի և սպասարկման կետերում հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին: Հրամանի համաձայն` «Զինառ» ՓԲԸ-ի առևտրի և սպասարկման բոլոր կետերում ս.թ. օգոստոսի 1-ից զինծառայողների և քաղաքացիների սպասարկումն իրականացվելու է բացառապես հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառմամբ»,- գրել է Հովհաննիսյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը հորդորում է զինծառայողներին և «Զինառ» ՓԲԸ-ի առևտրի և սպասարկման կետերում գնումներ կատարող քաղաքացիներին պարտադիր պահանջել ՀԴՄ կտրոնները:

«Զինառը» պետական մասնակցությամբ ընկերություն է, որի 100% բաժնետերն, ըստ փորձագետների, պաշտպանության նախարարությունն է։