Շոգից պաշտպանվելու համար մնում է ջուր գտնել. երևանցիները բողոքում են «Վեոլիա Ջրից»

Երևանցիները դժգոհում են` օրվա ամենաշոգ ժամերին զրկված են խմելու ջրից։ «Վեոլիա Ջուրը» խորհուրդ է տալիս զանգել թեժ համարով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Հայաստանում մոլեգնող շոգից պաշտպանվելու համար մասնագետների հիմնական խորհուրդը սառը ջուրն է։ Sputnik Արմենիայի ընթերցողների համար, սակայն, այս խորհուրդը վրդովմունքի առիթ է դարձել։ Նրանք պնդում են, որ ամռան շոգին ժամերով, երբեմն նույնիսկ ամբողջ օրերով զրկված են լինում ջրամատակարարումից։

Ինչպես խուսափել աղիքային վարակներից. ՀՀ առողջապահության նախարարության խորհուրդները

Մարիա Միսկարյանը պնդում է, որ իրենց թաղամասում օրվա ամենաշոգ ժամերին արդեն մի քանի օր է, ինչ ջրամատակարարումը դադարեցվում է։

Աննա Հովսեփյանն էլ նշում է, որ Սայաթ-Նովա փողոցում ջրամատակարարումը դադարեցվել է` առանց բնակիչներին նախապես այդ մասին իրազեկելու։ Նույն բողոքն են ներկայացնում նաև Էրեբունի համայնքի և Արշակունյաց պողոտայի բնակիչները։

Դե իսկ Արաբկիրի որոշ հատվածներում, ըստ մեր ընթերցողների, արդեն շուրջ 1 շաբաթ ջուր պարբերաբար չի լինում։

«Վեոլիա Ջուր» ընկերությունում բնակիչներին խորհուրդ են տալիս նման դեպքերում զանգահարել 1-85 հեռախոսահամարով` պարզելու համար, թե ինչն է ջրամատակարարման դադարեցման պատճառն ու երբ այն կվերականգնվի։

«Երբ ջուրը կտրվում է ժամերով, օրերով զանգահարում ենք այդ հեռախոսահամարով, մշտապես այդ համարը չի աշխատում»,- ասում է բնակիչը` «Վեոլիա Ջուր» ընկերությանը խորհուրդ տալով երբեմն լսել 1-85 համարին արված զանգերի ձայնագրություններն ու գնալ դրանցում նշված բողոքների հետքերով։

Երևանցիների խոսքով, եթե նույնիսկ հաջողվում է ի վերջո կապ հաստատել օպերատորի հետ, միակ պատասխանը վթարն է, ինչին իրենք չեն հավատում։

«Ինչպե՞ս կարող է երկու օրը մեկ, նույն ժամին, նույն տեղում վթար լինել»,- ասում է մեր զրուցակիցը։

«Վեոլիա Ջուր» ընկերության մամուլի պատասխանատու Մուրադ Մուրադյանը ևս մեր հարցին ի պատասխան դժգոհ սպառողներին խորհուրդ տվեց զանգահարել նույն հեռախոսահամարով։ Իսկ երբ մենք փոխանցեցեինք մեր ընթերցողների դժգոհությունն ու բողոքները` նշելով նաև նրանց հասցեները, ասաց. «Ես լրատվամիջոցներով եմ զբաղվում, ոչ բողոքներով։ Բայց քանի որ դուք ինձ զանգել եք, ես կարող եմ ձեր ընթերցողների վրդովմունքը փոխանցել սպասարկման պատասխանատուին»։

2017 թվականի հունվարի 1-ից «Վեոլիա Ջուր» ընկերությունը Հայաստանի Հանրապետության խմելու ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի միակ միասնական օպերատորն է։ Պայմանագիրը ՀՀ կառավարության հետ կնքվել 15 տարի ժամկետով։

Մինչ այդ «Վեոլիա Ջուրը» միայն Երևան քաղաքի օպերատորն էր։

Հայաստանում գործող «Վեոլիա Ջուր» ընկերության սեփականատերը ֆրանսիական «Վեոլիա» ընկերությունն է։