Երևանյան շոգին էլ կարելի է նորաձև հագնվել․ 2018-ի ամառվա նորաձևության միտումները

Ամառվա ամենաթեժ շրջանն է։ Մի կողմից չես ուզում հետ մնալ նորաձևությունից, մյուս կողմից էլ պետք է եղանակին համապատասխան հագնվել՝ շոգին դիմանալու համար։
Sputnik

Լիլիթ Հարությունյան, Sputnik Արմենիա

Շոգ եղանակին համապատասխան հագնվելու մի քանի կանոն կա։ Նախ պետք է հրաժարվել արհեստական գործվածքներից ու նախապատվությունը տալ բամբակին կամ վուշին։ Հագուստը պետք է լինի ոչ թե նեղ, այլ ազատ։ Ինչ վերաբերում է գույնին, ապա այս հարցում կարծիքները տարբեր են. մինչև վերջերս համարվում էր, որ ամռանը պետք է բացառապես բաց երանգներ ընտրել, բայց Կատալոնիայի համալսարանի գիտնականները մի քանի տարի առաջ հայտարարեցին, որ հագեցած մուգ գույներն ավելի լավ են կլանում ուլտրամանուշակագույն ճառագայթները։

Զուգագուլպաներ աշխարհի կանանց համար. գյումրեցի երիտասարդը ներխուժել է նորաձևության երկիր

Այս տարվա միտումները, մի քանի բացառությամբ, համապատասխանում են թվարկած կանոններին։ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում նորաձևության ոլորտի բլոգեր, «Armenian Brands»-ի ղեկավար, Mashroom բյութի-բլոգի հիմնադիր Մարիաննա Քաբաբյանն ասաց, որ 90-ակաների նորաձև ոճն արդեն մի քանի սեզոն է` չի կորցնում իր արդիականությունը։

«Մի կողմից արդիական է սպորտային ոճը, նաև սպորտային ոճի ու բարձրակրունկ կոշիկների համադրությունը, մյուս կողմից էլ կանացի կերպարները, որոնք ես անվանում եմ Մարի Անտուանետի ոճ։ Դրանք լայն ծալքերով զգեստներ են, որոնք ավելի շատ հիշեցնում են XVIII-XIX դարերի ներքնազգեստը` մեղմ գույներով, ժանյակներով», — ասում է նա ու ավելացնում, որ այդպիսի հագուստը կարելի է համադրել ինչպես սպորտային, այնպես էլ բարձրակրունկ կոշիկների հետ, եթե երեկոյան հասարակական որևէ միջոցառման մասնակցելու առիթ լինի։ Միաժամանակ, Մարիաննայի խոսքով, ամռանը միշտ արդիական են վառ գույները` վարդագույնի ջերմ երանգները, «ֆուկսիան», կանաչը, դեղինը և, իհարկե, տարատեսակ պրինտերը։

«Դիզայներներից շատերն են պրինտեր օգտագործում` կոչ անելով պահպանել բնությունը։ Արդիական են նաև երկրաչափական պրինտերը, պուտերով շրջազգեստները, որոնց շնորհիվ կարելի է շատ կանացի կերպարներ ստեղծել։ Բացի այդ, կարելի է տարբերվել նաև միագույն հագուստով», — ասում է բլոգերը։

Թեև ամառն ասոցացվում է ծովի հետ, Մարիաննան կոչ է անում չմոռանալ, որ Երևանը ծովային քաղաք չէ ու լողափնյա հագուստն այստեղ անտեղի է։ Տեղին չեն նաև ծովային ոճի աքսեսուարները։

Բլոգերն ասում է, որ ավելի ոճային են մեծ աքսեսուարները և չոկերները։ Միաժամանակ պետք է հիշել, որ արևի ազդեցության տակ դրանք կարող են գրգռել մաշկը. ավելի լավ է` ցերեկային ժամերին խուսափել խոշոր զարդերից և դրանք պահել երեկոյի համար։

Կոշիկների դեպքում նորաձև է մյուլին։

«Իսկ արևից կարելի է պաշտպանվել տարբեր գլխարկներով, որոնք այսօր շատ արդիական են։ Դրանք կարելի է համադրել ինչպես կիսաշրջազգեստների, այնպես էլ տաբատների հետ։ Օրինակ, ծղոտե գլխարկների օգնությամբ կարելի է շատ ոճային կերպարներ ստեղծել», — ասում է ա։

Ինչ վերաբերում է տղամարդկանց նորաձևությանը, ապա ոճաբանների կարծիքով, ամենանորաձև գույնը սպիտակն է, որը համադրվում է ցանկացած այլ երանգների հետ։ Շատ տարածված է «միլիթարին», որը առնականություն է հաղորդում կերպարին։

Շոգին հատկապես հարմար են թեթև տաբատներն ու բամբակե վերնաշապիկները։