Ժիրայր Սեֆիլյանը պատրաստվում է մասնակցել առաջիկա ընտրություններին

«Հիմնադիր խորհրդարանն» ու «Սասնա ծռերն» այսօրվանից պատրաստվում են արդար ընտրությունների։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. «Հիմնադիր խորհրդարան» շարժման առաջնորդ, Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը «Հայ կառուցողական կուսակցության» հիմնադիր համագումարից հետո հայտարարեց, որ իրենք մասնակցելու են առաջիկայում կազմակերպվելիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին:

«ՀԽ-ն և «Սասնա ծռերն» այսօրվանից պատրաստվում են»,-նշեց Ժիրայր Սեֆիլյանը` հույս հայտնելով, որ առաջիկայում ձևավորվելիք ԱԺ-ում կլինեն գաղափարական ուժեր և անհատներ։

Նրա խոսքով` Հայաստանում ստեղծվել է աննախադեպ հնարավորություն՝ կազմակերպելու արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ։

«Հիմնադիր խորհրդարանում» դեռ չեն որոշել՝ ընտրությունների կգնան միայնակ, թե դաշինքով: Սեֆիլյանի խոսքով` դա պարզ կդառնա քննարկումների արդյունքում։

Իսկ թե երբ է ՀԽ-ն կուսակցության վերածվելու կամ արդյո՞ք գործակցելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, Սեֆիլյանը նշեց` դեռ պետք է որոշեն:

Ժիրայր Սեֆիլյանը կոչով դիմեց հայաստանցիներին ու սփյուռքահայերին

Հիշեցնենք, որ Սեֆիլյանը դատապարտվել էր 10 տարի 5 ամսվա ազատազրկման: Նա մեղադրվում էր Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի օրերին զանգվածային անկարգություններ նախապատրաստելու, նաև ապօրինի կերպով ձեռք բերված հրազենի ու ռազմամթերքի միջոցով ռազմավարական նշանակության շենքեր գրվելու նպատակ ունենալու մեջ։

Հունիսի 13-ին Վերաքննիչ դատարանը փոխեց Սեֆիլյանի հանդեպ կիրառված խափանման միջոցը, նրան ազատ արձակեց և մեղմացրեց առաջին ատյանի սահմանած պատժաչափը` այն դարձնելով 5,5 տարի: