ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Հայաստանում գործող էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է նվազեցնել առնվազն 4-5 դրամով։ Այսօր լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց էներգետիկ ոլորտի անկախ փորձագետ Էդվարդ Արզումանյանը։ Նա հայտնեց, որ 1.5 տարի համագործակցում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ և պարբերաբար մատնացույց է անում ոլորտում առկա խնդիրները, բայց անօգուտ:
«Անընդհատ վիճել եմ, ապացուցել եմ, որ տեղ կա, մատով ցույց եմ տվել, թե ինչպես կարելի է անել, որ էլեկտրաէներգիայի արտադրությունը, տեղափոխումը, բաշխումը, սպառողներին մատակարարելը լինի հուսալի և շահավետ», — ասաց նա:
Փորձագետի խոսքով` սակագնի հաշվարկի մեթոդիկայում կան վիճահարույց հարցեր, որոնցից հրաժարվելու դեպքում հնարավոր կլինի նվազեցնել սակագինը։ Դրանցից են նաև համակարգում առկա չարդարացված կորուստները։
«2016թ-ին կորուստները ՀԷՑ-ում կազմել են 13%, 2018թ-ի առաջին եռամսյակի հաշվետվության մեջ նշված է 8.2%, այսինքն` շուրջ 5%-ով նվազել է։ Իրենց աշխատանքը ցույց տվեց, որ իսկապես տեղ կա կրճատելու, բայց այդ կրճատումը չբերեց սակագնի նվազեցման, որովհետև Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նրանց ասել է` լավ, գնացեք, մինչև 2022թ-ը աշխատեք, կորուստները կրճատեք, ինչքան շահույթ ստացվի, ձերն է»,- ասաց Արզումանյանը։
Փորձագետի խոսքով, անապահով խավերի համար էլեկտրաէներգիայի սակագինը նվազեցնելու մասին ՀԷՑ-ի հայտարարությունն ամբողջությամբ տեղավորվում է այս տրամաբանության մեջ։ «Կորուստների նվազեցումից ստացվող լրացուցիչ շահույթը նա ստիպված ամբողջը գրպանը չի դնելու, այլ ծախսելու է սակագնի նվազեցման համար»,- ասաց նա։
Հայաստանում էլեկտրաէներգիայի 1 կՎտ/ժամի ցերեկային սակագինն այսօր 44.98 դրամ է, գիշերայինը` 34.98 դրամ։
2018թ-ի հուլիսի 1-ից սոցիալապես անապահով ընտանիքների համար ՀԷՑ-ը ցերեկային սակագին է սահմանել 40, գիշերային սակագին` 30 դրամ: