Աղվան Հովսեփյանի որդուն պատկանող առանձնատան գողության մանրամասները. վնասի չափը հայտնի է

Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել և հաշվարկել վնասի չափը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Բյուրականում գտնվող, Նարեկ Հովսեփյանին (Հայաստանի քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի որդին) պատկանող տնից կատարված գողության դեպքի առթիվ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նախնական տվյալներով` 2018 թվականի հունիսի լույս 28-ի գիշերն անհայտ անձը, տեխնիկական միջոցների գործադրմամբ, պոկել է Արագածոտնի մարզի Բյուրական համայնքում գտնվող, Հովսեփյանին պատկանող տան առաջին հարկի պատուհանի մետաղյա ճաղավանդակը, կոտրել պատուհանը, ապօրինի մուտք գործել ներս, տակնուվրա արել բոլոր դարակները, տունը և հափշտակելով սիգարներ ու մեկ հատ հուշանվեր-թուր՝ դիմել փախուստի:

Նախնական հաշվարկներով` պատճառված վնասը գնահատվում է 200.000 ՀՀ դրամ։

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արագածոտնի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով (Գողությունը, որը կատարվել է բնակարան ապօրինի մուտք գործելով):

Կատարվում է նախաքննություն: