Զինծառայողներին ճանապարհածախս տրամադրելիս թույլ չտալ որևէ չարաշահում. նախարարի հրահանգը

Դավիթ Տոնոյանը վարորդներին հորդորում է զինծառայողների համար նվազեցնել ճանապարհածախսի գումարը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մի շարք հանձնարարականներ է տվել` կապված զինծառայողների արձակուրդների և զորացրման հետ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջի միջոցով տեղեկացնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

«ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն այսօր ՀՀ ԶՈւ երի հրամանատարությանը հանձնարարել է հստակ հսկողություն սահմանել զորքերից զինծառայողների արձակուրդային և զորացրման ժամանակ հատկացվելիք, ճանապարհածախսերի օգտագործման նկատմամբ, թույլ չտալ որևէ չարաշահում»,–գրել է Հովհաննիսյանը։

Միևնույն ժամանակ Տոնոյանը տրանսպորտային ընկերությունների վարորդներին կոչ է արել չօգտվել ստեղծված իրավիճակից և չպահանջել նորմերից բարձր վճար։

«Զորամասերից զինծառայողներին տեղափոխող տրանսպորտային ընկերությունների հորդորում եմ զինծառայողների համար սահմանված վարձավճարի չափը նվազեցնել»,–գրված է ֆեյսբուքյան գրառման մեջ։