«Փոքրիկ իշխանին» կօգնեն Վանաձորում կայանալիք վազքի մասնակիցները

Մարաթոնից ստացված միջոցները «Փոքրիկ իշխան» երեխաների սոցիալական կենտրոններ կփոխանցվեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Բարեգործական մարաթոնը տեղի կունենա հուլիսի 1-ին Վանաձորում, Sputnik Արմենիայի մամուլի կենտրոնում հրավիրված ասուլիսին ասաց «Հայկական Կարիտաս» Ֆոնդահայթայթման մասնագետ Իրինա Փահլևանյանը:

Նրա խոսքով` վազքի հիմնական նպատակը գումար հավաքելն է, որը կուղղվի Վանաձորում և Գավառում 2011 թվականից գործող «Փոքրիկ իշխան» երեխաների սոցիալական կենտրոններին։

Վազքի են դուրս եկել հեծանվորդները. «Երևանյան գավաթ 4»

«Վազքին մասնակցելու համար անհրաժեշտ է վճարել 1000 դրամ (մոտ 2 դոլար – խմբ.) սիմվոլիկ գումար։ Իհարկե, ողջ անհրաժեշտ գումարը` 15 հազար եվրո, նման կերպով հավաքել չի հաջողվի, այդ պատճառով հիմնական դոնորները կլինեն մեր հովանավորները», – ասաց Փահլևանյանը։

«ԱրմՄարաթոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Սոնա Նահապետյանն իր հերթին նշեց, որ մարաթոնն առաջին անգամ է անցկացվում Վանաձորում։

«Նման միջոցառումները կոչված են հասարակության մեջ զարգացնելու առողջ ապրելակերպի մշակույթը», – ասաց նա։

Վանաձորում գործող «Փոքրիկ Իշխան» երեխաների Սոցիալական Կենտրոնի համակարգող Նարինե Ղազարյանն ավելացրեց, որ երեք օրվա ընթացքում 253 մասնակից արդեն իսկ գրանցվել է։

«Ուրախալի է, որ մասնակիցների մեծ մասը երեխաներ են։ Չէ՞ որ հավաքված միջոցները ևս ուղղվելու են երեխաների կարիքներին։ Բացի այդ, մենք նաև շատ ընտանիքներ ենք գրանցել։ Սա վկայում է, որ սպորտն ու առողջ ապրելակերպը աստիճանաբար դառնում են մարդկանց կենսակերպի մի մասը», – նշեց նա։

1 / 3
Իրինա Փահլեվանյան
2 / 3
Նարինե Ղազարյան
3 / 3
Սոնա Նահապետյան

Բարեգործական վազքի կազմակերպիչը «Հայկական Կարիտաս» բարեգործական ՀԿ–ն է` «ԱրմՄարաթոն» մարզակրթական հիմնադրամի համագործակցությամբ: