ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. ՊԵԿ խոշոր հարկ վճարողների տեսչությունը խախտումներ է բացահայտել մի շարք ընկերությունների գործունեության մեջ։ Դրանցից մեկը վերաբերում է Կիևյան փողոցում գտնվող «Տաշիր պիցցայի» մասնաճյուղին, մյուսը՝ Վանաձորի «Սեզամ գազ» ընկերությանը:
Ստուգումները հատկանշական են նրանով, որ «Տաշիր Պիցցան» ընդգրկված է հայտնի գործարար Սամվել Կարապետյանի «Տաշիր Գրուպի» մեջ, իսկ «Սեզամ-գազի» սեփականատերը, «Հրապարակ» թերթի հաղորդմամբ, Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն է։
2 ընկերություններում էլ խախտումներ են հայտնաբերվել, ընդ որում՝ այս տարվա ընթացքում երկրորդ անգամ: Խոսքը ՀԴՄ կտրոն չխփե¬լու մասին է: Այս հիմնարկները փակվել են 5 օրով։
Օբյեկտների ժամանակավոր փակման մասին տեղեկությունը Sputnik Արմենիային հաստատեցին ՊԵԿ-ի մամուլի ծառայությունում։ Առաջին անգամ ՀԴՄ չտրամադրելու համար տուգանքը 150 հազար դրամ է, երկրորդ անգամ կրկնվելու դեպքում գումարը կրկնապատկվում է։ Երրորդ անգամ կրկնվելու դեպքում հաստատությունը փակվում է։
Պետեկամուտների կոմիտեից նշեցին նաև, որ իրենց համար նշանակություն չունի` ում օբյեկտներում են ստուգումներ անցկացվում։ Եթե խախտումներ են եղել, ուրեմն ընկերությունները պետք է օրենքին համապատասխան պատասխանատվություն կրեն։