ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Սևանի հանրային լողափերը պատրաստ են այցելուներին ուրախացնել անվճար ու վճարովի ծառայություններով։ Այս մասին այսօր լրագրողներին հայտնեց ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ, հանրային լողափերի պատասխանատու Աշոտ Ավալյանը: Նա հիշեցրեց, որ սեզոնի պաշտոնական բացումը կկայանա հուլիսի 1-ին։
Այսօր Սևանում 11 լողափ է գործում, որոնց ընդհանուր մակերեսը 32,7 հա է, ընդ որում` միայն երեքում նորմալ ենթակառուցվածք կա։ Այնտեղ, որտեղ ենթակառուցվածք կա, անվճար են փրկարարների ծառայությունը, պառկելաթախտերը, հանդերձարանները, խաղատեղերը։ Միակ բանը, որի համար պետք է վճարել, սնունդն է։ Մնացած 8 լողափում պարզապես ավազ է, ուրիշ բան չկա։
«Մանղալներ չկան, կան փոքր սրճարաններ, որտեղ կան զովացուցիչ ըմպելիքներ, պաղպաղակ, հացաբուլկեղեն, բրդուճներ և այլն», — ասաց Ավալյանը։
Նախատեսվում է բացել նոր խոշոր լողափ` 9 հա մակերեսով, որտեղ կարող են լինել թենիսի կորտեր, ֆուտբոլի խաղադաշտ, լողավազան։ Ավալյանը նշեց, որ այդ լողափի համար մոտ 100 միլիոն դրամ է հարկավոր։
Նրա խոսքով` այս տարի Սևանի լողափերում հանգստացողների մեծ հոսք է ակնկալվում. ամենայն հավանականությամբ, սեզոնային այցելությունների ռեկորդ կսահմանվի։ Դրան նպաստում է, առաջին հերթին, օդի բարձր ջերմաստիճանը։
«Նախորդ տարի միայն 11 հանրային լողափում 200 հազար այցելու է գրանցվել։ Այսպիսի ցուցանիշ մենք դեռ չէինք ունեցել», — ասաց Ավալյանը։
Հիշեցնենք` Սևանա լճի հանրային լողափերը գործում են 2013 թվականի հուլիսի 1-ից։ 2011 թվականին այցելուների թիվը կազմել է մոտ 100 հազար մարդ, 2012 թվականին` 120 հազար, 2013-ից 2016-ին այդ ցուցանիշը 150 հազարի է հասել։