Հայաստանն ու Ռուսաստանը գործարար կապերը խթանող նոր միություն կստեղծեն

ՀՀ վարչապետն ընդունել է ՌԴ մշակույթի նախարարին։ Պաշտոնյաները խոսել են ոչ միայն մշակութային, այլև տնտեսական կապերի ամրապնդման մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Երևանում ընթացող միջտարածաշրջանային ֆորումը կնպաստի երկկողմ կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանը: Այսօր Հայ-ռուսական յոթերորդ միջտարածաշրջանային ֆորումում ռուսական պատվիրակության ղեկավար, ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկիի հետ հանդիպմանն ասել է ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն ԱԺ–ում չբացահայտեց հայ–ռուսական ռազմական գաղտնիքը

«Մենք շահագրգռված ենք Ռուսաստանի հետ ամուր և դինամիկ զարգացող հարաբերություններով: Մեր նպատակն է, որպեսզի երկկողմ կապերն էլ ավելի խորանան և հարաբերությունները լինեն սերտ՝ առավել քան երբևէ»,-ՀՀ վարչապետի մամուլի ծառայության հաղորդմամբ ասել է Փաշինյանը:

Վլադիմիր Մեդինսկին հույս է հայտնել, որ երևանյան ֆորումը նոր թափ կհաղորդի երկկողմ փոխգործակցությանը՝ տնտեսության, մշակույթի, հումանիտար և այլ ոլորտներում: ՌԴ պատվիրակության ղեկավարն առաջարկել է դիտարկել երկու երկրների մարզերի և տարածաշրջանների միջև գործարար կապերի խթանմանը միտված միություն ստեղծելու հնարավորությունը, ինչը կնպաստի առևտրատնտեսական կապերի ընդլայնմանն ու համատեղ նոր ներդրումային ծրագրերի իրականացմանը:

Անդրադառնալով հայ-ռուսական առևտրատնտեսական կապերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանից ՌԴ արտահանումների ծավալներն այս տարի ունեն դինամիկ զարգացում և հույս է հայտնել, որ առաջիկայում դրանք ոչ միայն պահպանվեն, այլև կավելանան: