Ռոբերտ Քոչարյանին պետությունը ևս 5 տարով անհատույց կտրամադրի գրասենյակային տարածք

ՀՀ 2–րդ նախագահին տրամադրվելիք տարածքի վարձակալության նպատակով 2018 թվականի ՀՀ պետական բյուջեով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հատկացվել է 20 մլն դրամ:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Հայաստանի Հանրապետության երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պետությունը ևս հինգ տարի անհատույց օգտագործման իրավունքով կտրամադրի կահավորված գրասենյակային տարածք: Համապատասխան որոշման նախագիծը տեղադրված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում:

Մարտի 1–ի գործով կհարցաքննե՞ն Քոչարյանին. ՀՀ գլխավոր դատախազի պատասխանը

Նախագծի մեջ նշվում է, որ ՀՀ կառավարության և «Էրեբունի-Պլազա» ՍՊԸ-ի միջև 2008 թվականին կնքվել է 374,1 քմ ընդհանուր մակերեսով տարածքի ենթավարձակալության պայմանագիր, որով մոտ 17,6 մլն դրամ սկզբնական արժեքով գրասենյակային գույքը մինչև 2018 թվականի օգոստոսը անհատույց օգտագործման է հանձնվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին:

ՀՀ 2–րդ նախագահի գրասենյակը զբաղեցնում է Երևանի Վ. Սարգսյան 26/1 հասցեում գտնվող շենքի 6-րդ հարկից 374.1 քմ մակերեսով տարածքը, այն անհատույց օգտագործման իրավունքով շահագործում է նաև հատկացված գրասենյակային գույքը:

Տարածքի վարձակալության նպատակով 2018 թվականի ՀՀ պետական բյուջեով ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը հատկացվել է 20 մլն դրամ:

Հիշեցնենք, որ նախկին նախագահներին պետության հաշվին գրասենյակային տարածքներով ապահովումը նախատեսված է Հայաստանի օրենսդրությամբ։