Էջմիածնի նոր քաղաքապետը բացահայտում է Մանվել Գրիգորյանի որդու հնարավոր չարաշահումները

Գրիգորյանների կլանից «ազատագրված» քաղաքում վերանորոգման աշխատանքներ են, քաղաքապետարանում բացահայտում են նախկին քաղաքապետի հնարավոր չարաշահումները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Էջմիածնի վտանգավոր լինելու մասին լուրերը չափազանցված են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Վաղարշապատի քաղաքապետի նորանշանակ պաշտոնակատար Դիանա Գասպարյանը։

«Իրականում գուցե այդ կարծիքը տեղին էր նախկին իշխանությունների օրոք»,- ասաց նա` հավելելով, որ այսօր քաղաքում որևէ կլան կամ հանցավոր խումբ չկա։

Մանվել Գրիգորյանի հայրական տնից գողություն է կատարվել

Մանվել Գրիգորյանի ու նրա ընտանիքի անդամների նկատմամբ իրավապահների իրականացրած գործողություններից հետո քաղաքում փակ փողոցներ չեն մնացել։ Դիանա Գասպարյանը հայտնեց, որ այդ օրերին քաղաքի փակ փողոցներից հանվել են Գրիգորյանների օրոք տեղադրված ուղեփակոցները։

«Այս պահին էջմիածնում արգելափակոցով փակված որևէ փողոց չկա»,-ասաց նա` վստահեցնելով, որ այլևս չեն էլ լինելու` բացառությամբ անհրաժեշտ դեպքերի։

«Կասկած հարուցող որոշ դեպքեր արդեն տեսել եմ»,- ասաց քաղաքապետի պաշտոնակատարը` չցանկանալով բացել փակագծերն ու խոստանալով կասկածների հաստատվելու պարագայում փաստերը տրամադրել իրավապահներին։

«Իմ աչքից չի վրիպել նաև քաղաքապետարանի աշխատակիցների ուռճացված հաստիքացուցակը։ Կան գրանցված ու երբևէ աշխատանքի չներկայացած աշխատողներ։ Չարաշահումների մասին խոսում են բոլորը։ Քանի որ փոքր քաղաք է, բոլորը լավ տեղյակ են։ Այնպես որ մինչև լիազորությունները ստանձնելն արդեն գիտես որտեղից սկսել ու ինչ անել»,- ասաց Դիանա Գասպարյանը։

Նորանշանակ քաղաքապետն արդեն իսկ ֆինանսական ստուգումներ է սկսել` բացահայտելու նախկին քաղաքապետի օրոք իրականացված հնարավոր չարաշահումների դեպքերը։ Միաժամանակ քաղաքում վերանորոգման, ասֆալտապատման աշխատանքներ են մեկնարկել։ Գծանշվում են «ազատագրված» փողոցները։

Հիշեցնենք` գեներալ Մանվել Գրիգորյանի որդին` Կարեն Գրիգորյանը, հունիսի 17-ին հրաժարվեց Վաղարշապատի քաղաքապետի պաշտոնից այն բանից հետո, երբ ԱԱԾ-ն հրապարակեց Մանվել Գրիգորյանին մեղսագրվող չարաշահումների փաստերը։