Բուլղարացիները սկսել են մոռանալ Անդրանիկին ու Նժդեհին. ի՞նչ խնդիրներ ունեն բուլղարահայերը

Բուլղարիայից վերադարձած հայ պատգամավորների տպավորությունները հակասական են։ Այդ երկրի հետ հարաբերությունները զարգացնելու խնդիր կա։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Հայաստանը որոշ բնագավառներում առնվազն 10 տարով առաջ է ԵՄ անդամ Բուլղարիայից։ Բուլղարիա կատարած այցից նման տպավորությամբ են վերադարձել Հայաստան-Բուլղարիա պատգամավորական բարեկամական խմբի անդամները։ Նրանք այս մասին այսօր հայտնեցին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։ Խմբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանի ուշադրությունը գրավել էր այն հանգամանքը, որ մայրաքաղաք Սոֆիայի փողոցներում հաշմանդամներ չկան։ Հետո արդեն պարզել է, որ Սոֆիայի փողոցները հաշմանդամների տեղաշարժի համար հարմարեցված չեն։

Թուրքիայի հայերը մոռանում են իրենց արմատների մասին. Անկարան ոչինչ չի խնայում դրա համար

Խմբի անդամ Արամ Սարգսյանն էլ նկատել է` սահմանադրական իրավունքի, օրենսդրությունը եվրոպականին համապատասխանեցնելու ու նույնիսկ տնտեսական բնագավառներում Հայաստանը Բուլղարիայից առաջ է։

Հայ խորհրդարանականներին ոգևորել է այն, որ բուլղարահայ համայնքը կայացած է ու մեծ հեղինակություն ունի։ Արամ Սարգսյանի ձևակերպմամբ «նույնիսկ իր տեսակետով կարող է ազդել Բուլղարիայում ընթացող ընտրությունների արդյունքների վրա»։

Այդուհանդերձ, հայ համայնքը երկրում որոշակի խնդիրներ ունի։ Արամ Սարգսյանի խոսքով, հայազգի չափահասներին Բուլղարիայում դժվարությամբ են հայաստանցու անձնագիր տալիս` որպես պայման առաջադրելով բանակում ծառայության համաձայնությունը։

«Ես զրուցել եմ այդ տարիքի տղաների հետ։ Իսկապես դա վիրավորական է։ Չի կարելի կասկածել, և օրենքից դուրս է դեսպանատներում նման փաստաթուղթ ունենալը»,- ասաց Սարգսյանը։

Բուլղարահայերի համար լրջագույն խնդիր է նաև սեփական ավտոմեքենայով Հայաստան գալը։ Հայաստանյան պատվիրակության անդամները կարծում են, որ խնդիրը պետք է լուծում ստանա կառավարության, հարկային և մաքսային մարմինների մակարդակով, և բուլղարահայերը պետք է կարողանան օգտվել այն իրավունքից, որն այսօր գործում է Վրաստանից Հայաստան եկող ավտոմեքենաների դեպքում։

Հայկական պատվիրակության անդամ Միհրան Հակոբյանին էլ անհանգստացրել է այն, որ բուլղարացիների նոր սերունդը Հայաստանի ու նույնիսկ սեփական պատմության մեջ հայերի դերի մասին գրեթե ոչինչ չգիտի։

«Բուլղար ժողովրդի ազատության համար հայ ժողովուրդն էլ իր լուման ունի։ Թե՛ Գարեգին Նժդեհը, թե՛ Անդրանիկ Օզանյանը լրջագույն ծառայություն են մատուցել իրենց ազատության համար պայքարում` ընդդեմ Օսմանյան կայսրության։ Հետաքրքիր է, որ ավագ սերունդը շատ լավ հիշում և արձագանքում է այդ փաստերին, բայց նոր սերունդը այնքան էլ տեղյակ չէ պատմական այդ փաստերին։ Դա կարևոր է մեզ համար, որովհետև մենք պետություն ենք, որ բարեկամների կարիք ունի աշխարհում, և Բուլղարիան առանձնահատուկ դեր ունի այստեղ»,- ասաց Հակոբյանը` հավելելով, որ Հայաստանի իշխանություններն այս ուղղությամբ անելիքներ ունեն։

Նշենք, որ Ազգային ժողովի Հայաստան-Բուլղարիա պատգամավորական բարեկամական խմբի պատվիրակությունը հունիսի 19-23-ը պաշտոնական այցով Բուլղարիայում էր:

Հայաստանյան պատվիրակությունը հանդիպել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահի տեղակալ Էմիլ Խրիստովի հետ: Հայաստանի պատվիրակության ղեկավար Ջեմմա Բաղդասարյանը շնորհակալություն է հայտնել բուլղարական կողմին` «ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը» վավերացնելու համար:

Այցի ընթացքում երկու երկրների բարեկամական խմբերը կարևորվել են տարբեր ոլորտներում ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, քննարկել քաղաքական կապերի զարգացմանը, միջազգային կազմակերպություններում փոխադարձ աջակցությանը, տնտեսական բնագավառներում ենթակառուցվածքային նախագծերի իրականացմանը, ապրանքաշրջանառության ավելացմանը, ապակենտրոնացված համագործակցությանը, հայ համայնքային կառույցների հետ բուլղար պատգամավորների կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր:

Հանդիպման ավարտին ստորագրվել է Բուլղարիա-Հայաստան բարեկամական խմբի միջև համագործակցության մասին» հուշագիր: