Հայաստանն ու Բուլղարիան քննարկում են կանոնավոր չվերթերի հնարավորությունը

Հայաստանը կարող է տարանցիկ երկիր դառնալ Բուլղարիայի, Բուլղարիան` Հայաստանի համար։ Հայ խորհրդարանականներն ուսումնասիրել են իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Հայաստանն ու Բուլղարիան քննարկում են Երևան-Սոֆիա, Երևան-Բուրգաս կանոնավոր չվերթեր ունենալու հնարավորությունը։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողներին հայտնեցին Բուլղարիայից վերադարձած Հայաստան-Բուլղարիա պատգամավորական բարեկամական խմբի անդամները։

«Բնական է, որ մեր առաջարկությունը չի կարող միանգամից 100 տոկոսով ընդունվել։ Հարցը պետք է լավ ուսումնասիրվել, քանի որ միայն զբոսաշրջության համար չվերթը հարող է արդյունավետ չլինել»,- ասաց խմբի ղեկավար, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ջեմմա Բաղդասարյանը` նշելով, որ առաջարկը ներկայացվել է ինչպես Բուլղարիայի իշխանության ներկայացուցիչների, այնպես էլ հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ։

Ուղիղ չվերթը երկու երկրների համար կարող է նաև տնտեսական զարգացման նոր հնարավորություններ բացել։ Կարծում է բարեկամական խմբի անդամ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը:

Բուլղարացիները սկսել են մոռանալ Անդրանիկին ու Նժդեհին. ի՞նչ խնդիրներ ունեն բուլղարահայերը

«Բուլղարիան մեզ կարող է հետաքրքրել տարանցիկ ուղևորափոխադրումների մասով, մենք էլ` Բուլղարիային, քանի որ իրենք հսկայական ուղևորահոսքեր ունեն դեպի ԱՄԷ, ասիական ու միջինասիական երկրներ, ու Հայաստանը որպես տարանցման գոտի իրենց կարող է հետաքրքիր լինել»,- ասաց Հակոբյանը։

Այսօր Հայաստանից Բուլղարիա և հակառակ ուղղությամբ ուղիղ չվերթեր են իրականացվում տարվա մեջ միայն 2 ամիս` հուլիս-օգոստոսին շաբաթական 1 չվերթ Երևան-Բուրգաս և 2 չվերթ Երևան-Վառնա ուղղություններով։

Շաբաթական 1 անգամ էլ գործում է Բաթումի-Բուրգաս լաստանավը։ Բայց հայաստանցի խորհրդարանականների համոզմամբ` այն չի բավարարում հայ զբոսաշրջիկների ու գործարարների իրական պահանջարկը։

«Ծովային մուտքի տեսանկյունից, երբ մեր բեռները Վրաստանից դուրս են գալիս առաջին նավահանգստային ենթակառուցվածքներ ունեցող երկրներից, առաջինը Բուլղարիան է, որ մեր բեռներն ընդունում է, ու այնտեղից գնում դեպի եվրոպական շուկա»,- ասում է Հակոբյանը։

Հարցը ներկայացվել է նաև Հայաստանում Բուլղարիայի դեսպանին։