Հայտնի միլիոնատերը հրավիրվել է Հայաստան

Ալեքսիս Օհանյանը հրավիրվել է Հայաստան՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին մասնակցելու։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը հրավիրվել է մասնակցելու Հայաստանում կայանալիք Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին: Այս մասին «ԴիջիԹեք» բիզնես ֆորումում լրագրողներին ասաց ֆորումի կազմակերպիչ, Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության նախագահ Ալեքսանդր Եսայանը:

«Մենք հրավիրել ենք Ալեքսիս Օհանյանին մասնակցելու Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին և լինելու բանախոսներից մեկը: Քննարկվում են նաև Ալեքսիս Օհանյանի հետ համագործակցության հնարավորությունները»,- ասաց Եսայանը:

Նշենք, որ Ալեքսիս Օհանյանը Հայաստան էր եկել օրեր առաջ։ Նա հանդիպել էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

2019 թվականին Հայաստանում կանցկացվի Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը: Այդ օրերին Երևանը դառնալու է տեխնոմայրաքաղաք ՏՀՏ ոլորտի 2000-ից ավելի համաշխարհային լիդերների համար, ինչը հիանալի հնարավորություններ է ստեղծելու և՛ երկրի իմիջի, և՛ աշխարհի ՏՏ քարտեզում դիրքավորվելու, և՛ ներդրումներ ներգրավելու, և թե՛ տուրիզմի հարցում: Համաժողովն անցկացվում է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (WITSA) կողմից 1978 թվականից: Այն ներկայացնում է աշխարհի ՏՀՏ ինդուստրիայի 90 տոկոսը: