ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի — Sputnik. «Աերոպորտ Արխանգելսկ» ընկերությունը ցանկանում է Հայաստանում վերագործարկել ներքին ավիաչվերթները։ Այդ մասին Sputnik Արմենիայի թղթակցին ասաց ընկերության տնօրեն Վահե Պետրոսյանը։
Ձեռնարկությունը կառավարում է Արխանգելսկի շրջանի օդանավակայանները և տնօրինում իր ինքնաթիռների պարկը, իսկ Հայաստան ցանկանում է ներկրել մի քանի փոքր ինքնաթիռ (19-տեղանոց չեխական L-410 ինքնաթիռներ)։ Նախագիծը կքննարկվի Երևանում Հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովում։
Արխանգելսկի շրջանը համագործակցության պայմանագիր ունի Վայոց Ձորի մարզի հետ։ Վերջերս հյուսիսցիներին հետաքրքրել է հանգիստը Ջերմուկում։ Հյուրերն այցելելով այդ քաղաք՝ տեսել նաև օդանավակայանը։ Բայց` թռիչքուղին 90-ականներից լքված է։ «Իսկ ինչու այն չվերականգնել թե՛ այստեղ, թե՛ Հայաստանի այլ քաղաքներում»,–մտածել է Պետրոսյանը։ Պաշտոնյաներին նախագիծը դուր է եկել։
«Հայաստանում տրանսպորտի հետ կապված դժվարություններ կան. դժվարություններ կան նաև հարևանի հետ։ Իսկ դա նշանակում է, որ առանց փոքր ավիացիայի անհնար է։ Մենք լավ գիտենք, թե դա որքան կարևոր է։ Մենք տասնյակ կղզիներ ունենք Սպիտակ ծովում, հետո էլ ցամաքի վրա շատ քաղաքներ և գյուղեր կան, ուր ձմռանը միայն օդով կարող ես հասնել», — նշում է Պետրոսյանը։
Ոչ մեծ Հայաստանում փոքր չվերթները պակաս կարևոր չեն։ Երկրի հարավից հյուսիս հասնելու համար պետք է մոտ 500 կմ ճանապարհ կտրել, բայց դա խլում է 10 ժամ։ Օրինակ, Երևանից Կապան հասնելու համար պետք է գնալ 5,5-6 ժամ։ Իսկ ինքնաթիռով կարելի է թռչել մեկ ժամում։ Բայց ԽՍՀՄ փլուզումից հետո հանրապետությունում փոքր ավիացիան դադարեց գործել։
Այն վերականգնելու գաղափարը դուր է եկել նաև Արխանգելսկի շրջանի ղեկավարությանը։ Այնտեղ որոշել են, որ Սպիտակ ծովից կարելի է հեշտությամբ հասնել Ջերմուկ և Արենի։
«Տեղում առողջարանային բուժման լավ տարբերակներ կան։ Հայկական բիզնեսը պատրաստ է մեզ հետաքրքիր առաջարկներ անել՝ զբոսաշրջիկներ ներգրավելու համար», — հավելեց Արխանգելսկի շրջանի փոխնահանգապետ Վիկտոր Իկոննիկովը։
Հայաստանի և Ռուսաստանի մի քանի շրջանների միջև արդեն երկար տարիներ կան համագործակցության հուշագրեր։ Բայց սա առաջին բիզնես նախագիծն է, որը ծնվում այդ համաձայնագրերից։ Բացի այդ` այստեղ ոչ մի բարեգործություն չկա, որքան էլ նախագիծը կարևոր լինի Հայաստանի համար։ Դա մաքուր բիզնես է՝ լիովին կենսունակ, հավելեց փոխնահանգապետը։
Գլխավորն այն է, որ Հայաստանի կառավարությունը համաձայնի ինչ-որ աջակցություն ցուցաբերել, օրինակ աջակցի, որ օդանավակայաններում ինքնաթիռները լավ գնով սպասարկվեն։ Փոխարենը հանրապետությունում կբացվեն նոր աշխատատեղեր և արագ տրանսպորտ, հավելեց նա։
Հիմա «Աերոպորտ Արխանգելսկը» ուսումնասիրում է հնարավոր ուղևորահոսքը (Երևանից Ջերմուկ և այլ քաղաքներ) և արդեն հաշվարկել է տոմսի մոտավոր գները։ Բայց մինչ այդ գործարարները ցանկանում են պարզել, թե կարող են արդյոք օդանավակայաններն ինքնաթիռներ ընդունել։ Դրա համար ցանկանում են, որպեսզի հայկական կողմը տրամադրի ինժեներների ու գեոդեզիստների, որոնք կուսումնասիրեն թռիչքուղիների բետոնը։