ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Քաղաքական գործիչներն ու հրապարակախոսները Արցախի վերաբերյալ հայտարարություններ արել են ու անելու են, Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը փոփոխությունների չի ենթարկվել։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան` ավանդական ճեպազրույցի ընթացքում մեկնաբանելով Բաքվում պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հայտարարությունը։
Ավելի վաղ Ռուսաստանի պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Բաքվում հայտարարել էր, որ Ռուսաստանը միշտ կողմ է եղել հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Բոլոր այն մարդիկ, ովքեր հարաբերությունների սրացման կողմնակից են, բոլոր այն մարդիկ, ովքեր «չեն լսում խոսքերն ու խաղաղության մեջ ապրելու ժողովրդի ցանկությունը, իհարկե, լարվածության ճանապարհով են գնում»։ Նա նաև կառուցողական է անվանել արցախյան հակամարտության հարցով Ադրբեջանի դիրքորոշումը։
Զախարովայի խոսքով` Մոսկվայում լավ հասկանում են, որ արցախյան հիմնախնդրի կամ համապատասխան երկրի հասցեին հնչեցրած ցանկացած խոսք մեծ հետաքրքրություն է առաջացնում։
«Ամենակարևորն այն է, որ գործից գլուխ հանելու փորձերում գերակայի կառուցողական տրամաբանությունը ու որ դա չդառնան որևէ սադրանքի փորձի ու նոր բարդությունների ստեղծման առիթ այնտեղ, որտեղ բոլոր հարցերը լուծելու համար իմաստություն է հարկավոր», – ասել է Զախարովան։
Դա վերաբերում է ցանկացած ԶԼՄ–ի ու երկրի լրագրողներին։ Մյուս կողմից էլ Ռուսաստանի ավանդական մոտեցման մեջ ոչինչ չի փոխվել։ Արդյունքի հասնելու համար Մոսկվան աշխատում է և՛ Երևանի, և՛ Բաքվի հետ։
Զախարովայի խոսքով` արցախյան թեման միջազգային քաղաքականության մեջ Ռուսաստանի համար ամենաարդիականներից է։ Կողմերի փոխհամաձայնությունը և երկկողմանի հարգանքը Ռուսաստանի շահերից են բխում։
«Տարաբնույթ հայտարարություններ են հնչել ու հնչում են տարբեր մակարդակի քաղաքական գործիչների, խորհրդարանականների, պատմաբանների ու հրապարակախոսների կողմից, դրանք շատ են։ Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշումը պաշտոնապես է ներկայացվում, այն լավ է հայտնի», – ասել է Զախարովան։
Նա նշել է, որ առճակատման հռետորաբանությունը տանում է միայն հակամարտության շարունակության։ Նման հայտարարությունները գլխավոր խնդրի լուծման արդյունավետությունը չեն ավելացնում։ Զախարովան հավելել է, որ դրանք տարբեր կողմերից էին հնչում, ու դրանք հաշվելու իմաստ չկա։ Որոշ խոսքեր էլ կոնտեքստից դուրս են ներկայացնում։
«Ռուսաստանի դիրքորոշումն այդ հարցում անփոփոխ է։ Եկեք զգուշորեն վարվենք մեջբերումների հետ ու չփորձենք բարդացնել առանց դա էլ բարդ իրավիճակը։ Կոչ եմ անում ձեզ լինել կառուցողական», – ասել է Զախարովան։
Զախարովան նաև պատասխանել է, թե ինչպես է ՌԴ ԱԳՆ–ն վերաբերվում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հնարավոր հանդիպմանը։
«Եթե այդպիսի հանդիպում համաձայնեցվի ու կայանա, ապա մենք ցանկանում ենք, որ այն անցնի լավ մթնոլորտում ու լինի արդյունավետ։ Քանի որ տվյալ պահին, իմ կարծիքով, դա շատ անհրաժեշտ է այն հարցերի լուծման համար, որոնք կան այդ թվում նաև երկու երկրների օրակարգում», – ասել է Զախարովան։
Ավելի վաղ Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Հիքմեթ Հաջիևը հայտնել էր, որ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը պայմանավորվել են առաջիկայում հանդիպել ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ։ ՀՀ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը պատասխանել է, որ դեռ ոչ մի հստակ պայմանավորվածություն չկա։