Rheinmetall-Ադրբեջան համագործակցության խնդրով Աշոտյանը կդիմի Բունդեսթագի գործընկերներին

Նախորդ օրերին գերմանական, իսկ հետո` ադրբեջանական մամուլում տեղեկություններ են տարածվել, որ գերմանական Rheinmetall ընկերությունը Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ ստորագրել է մտադրությունների հուշագիր ռազմաարդյունաբերական ոլորտում համագործակցության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Այս խնդրի շուրջ պարզաբանում ստանալու համար ԱԺ պատգամավոր, Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովում հայկական պատվիրակության ղեկավար Արմեն Աշոտյանը պատրաստվում է դիմել Գերմանիայի Բունդեսթագի իր գործընկերներին։ Ֆեյսբուքյան գրառման մեջ Աշոտյանը տեղեկացնում է, որ Rheinmetall ընկերությունը հանդիսանում է ռազմական տեխնիկայի խոշոր արտադրող։

«Կարծում եմ, որ նման գործարքը, եթե կյանքի կոչվի, խախտում է հակամարտության գոտիներ զինտեխնիկայի մատակարարման գերմանական օրենսդրությունը և միջազգային պարտավորությունները։

Որպես Հայաստանի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ և հայ–գերմանական միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար մոտ օրերս պաշտոնապես դիմելու եմ ԳԴՀ Բունդեսթագի գործընկերներին տվյալ հարցով պարզաբանում ստանալու և իրենց ուշադրությունը սույն խնդրին հրավիրելու համար»,–գրել է Արմեն Աշոտյանը` հավելելով, որ Ադրբեջանի ռազմատենչ և հայատյաց քաղաքականության, ինչպես նաև տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի խթանման տեսակետից նման գործարքը նպաստում է Հարավային Կովկասում անկայունության ավելացմանը։

Պատգամավորը հավելել է, որ լրացուցիչ կտեղեկացնի արդյունքների մասին։