«Մի պահ ամեն ինչ վատ էր». Ուեսթը խոսել է Քարդաշյանի հետ բարդ հարաբերությունների մասին

Հայտնի ռեփերը հարցազրույց է տվել ու խոստովանել, որ իսկապես մտածել են ամուսնալուծության մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Ամերիկացի երգիչ, Գրեմմիի 21 արձանիկի արժանացած Քանյե Ուեսթը խոսել է ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանի հետ ապրած բարդ շրջանի մասին։ Այս մասին գրում է TMZ հարթակը։

Նրա խոսքով` մի շարք մանր վիճաբանություններից հետո Քարդաշյանը որոշել է ապահարզանի դիմում ներկայացնել։ Ուեսթի խոսքով` Քիմը դժգոհ է եղել, որ երաժիշտը երեխաների ու ընտանիքի հետ քիչ ժամանակ է անցկացնում։

«Մի պահ ամեն ինչ վատ էր։ Ես դա զգում էի, տեղս չէի գտնում։ Սկսեցի խոսել ընտանիքի մյուս անդամների հետ։ Հարցնում էի բոլորին` Քիմն իրո՞ք ուզում է լքել ինձ։ Ինձ համար իսկապես լուրջ խնդիր էր», — անկեղծացել է երաժիշտը։

41-ամյա ռեփերի խոսքով` հիմա ընտանիքում ամեն ինչ կարգին է։ 37 տարեկան հեռուստաաստղը ներել է ամուսնուն։ Նոր ալբոմի թողարկումից հետո Ուեսթն ավելի շատ ազատ ժամանակ ունի։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուեսթի «Ye» կոչվող նոր ալբոմը Itunes-ում առաջին հորիզոնականն է զբաղեցրել աշխարհի ավելի քան 40 երկրում, այդ թվում՝ Հայաստանում։