Հարկային մարմինը չի պայմանավորվել, որ սուպերմարկետներն ավելի քիչ հարկ են վճարելու

Գործն ընթանում է, Պետեկամուտների կոմիտեի ղեկավարի տեղակալն այս մասին հայտարարություն է արել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Հայաստանի հարկային մարմինը չի պայմանավորվել սուպերմարկետների հետ, որ նրանցից ավելի քիչ հարկ է գանձելու։ Այդ մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՊԵԿ ղեկավարի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանը։

«ՊԵԿ-ը որևէ կազմակերպության հետ հարկերի պակաս հաշվարկների պայմանավորվածություն ձեռք չի բերել։ Մենք չենք իրականացրել վարչարարություն այն տնտեսվարող սուբյեկտների մոտ, ովքեր մեկ տարածքում փորձել են 2 և ավելի կազմակերպիչների միջոցով գործել։ Իմ կողմից հայտարարություն այդ մասին արվել է», — ասաց Մաշադյանը։

Հարցին, թե ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանը, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը եւ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ներգրավվա՞ծ են արդյոք գործով, նա խնդրեց իրեն հարուցված քրեական գործով հարցեր չուղղել, «քանի որ նախաքննությունն է իրականացվում, իսկ դրանով կխախտեմ նախաքննության գաղտնիությունը»։

Մաշադյան . ««Աստղիկ» ԲԿ–ում շուրջ 38 միլիոն դրամ լրացուցիչ եկամտային հարկ է հաշվարկվել»

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայաստանի խոշորագույն ընկերություններից մեկը` Alex Holding-ը (փաստացի սեփականատերը ՀՀԿ պատգամավոր, օլիգարխ Սամվել Ալեքսանյանն է) առնչություն ունի հարկերի չվճարման խոշոր սխեմաների հետ։

Alex Holding ընկերությանն է պատկանում, մասնավորապես, «Երևան Սիթի» Հայաստանի խոշոր սուպերմարկետների ցանցը։ ԱԱՀ վճարող կազմակերպություն լինելով` դեռ 2016 թվականի վերջին այս ընկերությունը գյուղատնտեսական արտադրանքի մանրածախ գների պահպանելու պատրվակով համաձայնության է եկել ՀՀ պետեկամուտների կոմիտեի նախկին ղեկավարության հետ։

Ընկերությունը գյուղացուց գնած գյուղմթերքը վաճառել է տարբեր ԱՁ-ների միջոցով։ Այդ ընկերությունների շրջանառությունը չպետք է գերազանցեր 115 մլն դրամը (240 հազար դոլար, ինչը հնարավորություն է ընձեռել 20 տոկոս ԱԱՀ-ի և շահութահարկի փոխարեն ընդամենը 2 տոկոսի չափով շրջանառության հարկ վճարել: