Կկալանավորվի արդյո՞ք Նազիկ Ամիրյանը. մեկնաբանում է ՀՔԾ պետը

Սասուն Խաչատրյանի բնորոշմամբ` շատ բան կախված է Նազիկ Ամիրյանի հետագա վարքագծից։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Այսօր կառավարության նիստից առաջ լրագրողները Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանից փորձեցին ճշտել` թե արդյո՞ք Մանվել Գրիգորյանի կնոջ` Նազիկ Ամիրյանին կալանավորելու միջնորդություն կներկայացվի դատարան։ «Այս պահին հստակ չեմ կարող ասել, դա կախված է նախաքննության ընթացքում Նազիկ Ամիրյանի հետագա վարքագծից»,–ասաց Խաչատրյանը` նշելով, որ պետք չէ առաջ ընկնել, Նազիկ Ամիրյանը դեռևս կասկածյալի կարգավիճակ ունի։ «72 ժամվա ընթացքում պարզ կլինի ամեն ինչ»,- հավելեց ՀՔԾ պետը։

Ձերբակալվել է Նազիկ Ամիրյանը

Հիշեցնենք, որ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշումը մի քանի օր առաջ էր կայացվել, բայց ոստիկանությունը չէր կարողանում հայտնաբերել նրան։ Սակայն երեկ` հունիսի 27-ին, Նազիկ Ամիրյանը անձամբ է ներկայացել նախաքննական մարմին:

Նազիկ Ամիրյանը կասկածվում է ՀՀ Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված  հանցավոր արարքի կատարման մեջ. ըստ մեղադրանքի՝ նա անհայտ աղբյուրից ապօրինի կերպով ձեռք է բերել ու Մանվել Գրիգորյանի հետ իրենց հաշվառման և փաստացի բնակության հասցեում՝ Էջմիածին քաղաքի Ալավերդյան փողոցի 46 տանն ու հանգստի գոտի ծառայող Արմավիրի մարզի Արշալույս գյուղի Լճափնյա 28-րդ եւ 30-րդ վարչական շենքերում ու հարակից տարածքներում ապօրինի կերպով պահել մեծ քանակությամբ զենք և զինամթերք:

Նախաքննությունը շարունակվում է: