Մալիշկա համայնքի ղեկավարը չարաշահումներ է իրականացրել և պետությանը պատճառել էական վնաս

Մալիշկա համայնքի ղեկավարի կողմից յուրացվել են խոշոր գումարներ: Կատարվում է քննություն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Ոստիկանության  Վայոց ձորի մարզային վարչության և Եղեգնաձորի բաժնի ծառայողները Մալիսշկա գյուղում մի շարք չարաշահումներ են բացահայտել։

Չարաշահումներ դպրոցներում ու մանկապարտեզներում. հափշտակված գումարը հասնում է 16 միլիոնի
Ինչպես տեղեկացնում է Ոստիկանության մամուլի ծառայությունը,  ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ Մալիշկա համայնքի ղեկավարը և նրա որդին` «Մալիշկայի մարզադպրոց» ՀՈԱԿ-ի տնօրենը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2016թ. հունվարի 1-ից մարզադպրոցում որպես բուժքույր են ձևակերպել տնօրենի կնոջը, ով վերջիններիս գիտությամբ մինչ օրս փաստացի աշխատանքի ընդհանրապես չի հաճախել, սակայն որպես աշխատավարձ ստացել է ընդհանուր 2.163.400 դրամ գումար, ինչի արդյունքում պետությանը պատճառվել է էական վնաս:

Միաժամանակ պարզվել է, որ 2017թ. ընթացքում Մալիշկա համայնքի թվով 11 բնակիչների անվամբ, որպես սոցիալապես անապահով ընտանիքների օգնություն, ձևակերպվել և դուրս է գրվել ընդհանուր 410.000 ՀՀ դրամ գումար, որը նշված անձանց փաստացի չի վճարվել, այլ համայնքապետարանի գլխավոր հաշվապահի կողմից առձեռն տրվել է համայնքի ղեկավարին, ով նշված գումարը տնօրինել է անձնական նպատակներով:

Մալիշկա համայնքի ղեկավարը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իր կնոջը և երկու որդիներին ձևակերպել է Մալիշկայի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող մարզադպրոցում, որպես մարզիչներ, սակայն վերջիններս փաստացի չեն հաճախում աշխատանքի և ամսական ստանում են ընդհանուր 800.000 — 900.000 դրամ:

Պարզվել է նաև, որ 2016-2017թթ. ընթացքում Մալիշկայի համայնքապետարանի ընթացիկ նորոգման և պահպանման համար դուրս է գրվել շուրջ 29.000.000 դրամ, սակայն իրականում աշխատանքները կատարվել են մասնակի, ինչի արդյունքում Մալիշկա համայնքի ղեկավարի կողմից յուրացվել են խոշոր գումարներ:

Կատարվում է քննություն: