ՌԱԴԻՈ

Նահապետյան. «Ադրբեջանի զորավարժությունները կարող են 3 նպատակ ունենալ»

Ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը Sputnik Արմենիայի եթերում խոսում է Ադրբեջանի զորավարժությունների մասին։
Sputnik
Հայկ Նահապետյան

Հուլիսի 2-ից 6-ն Ադրբեջանում լայնածավալ զորավարժություններ կանցկացվեն` զորքերի տարբեր տեսակների, այդ թվում` հատուկ նշանակության զորքերի մասնակցությամբ։

Նահապետյանի խոսքով` Ադրբեջանը զորավարժությունների միջոցով իր զորքերը մարտական պատրաստության է բերում։ Զորավարժությունները կարող են մարտական գործողությունների վերաճել։ Նույնիսկ եթե մարտական գործողություններ չլինեն, իշխանությունները կփորձեն բարձրացնել բանակի ու հասարակության մարտական ոգին։

«Զորավարժությունները պետք են նաև արտաքին սպառման համար։ Արցախյան բանակցային գործընթացը սառեցվել է Հայաստանի ներքաղաքական փոփոխություններից հետո, հատկապես, երբ Երևանը հայտնեց, որ Ստեփանակերտը պետք է մասնակցի բանակցություններին։ Կարծում եմ` զորավարժությունների օգնությամբ Ադրբեջանը փորձում է ճնշում գործադրել ինչպես հայկական կողմի, այնպես էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի վրա», — ասաց Նահապետյանը։

Նա չբացառեց, որ Արցախի (ոչ թե Հայաստանի) նկատմամբ կարող են ռազմական գործողություններ կիրառվել։ Եթե դրանք ներառեն նաև Հայաստանի տարածքը, ապա գործընթացին կմիջամտեն ՀԱՊԿ երկրները, մասնավորապես` Ռուսաստանը։

Նահապետյանն ամփոփեց` այդ զորավարժությունները կարող են 3 նպատակ ունենալ. դրանք կարող են աշխատել արտաքին բանակցային գործընթացի համար, ներքին սպառման համար, և չի բացառվում, որ կարող են ռազմական գործողությունների վերաճել Արցախի ուղղությամբ։