ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով ներկայացրել է ադրբեջանցիների կողմից կաշառված պատգամավորներին և նրանց նկատմամբ ԵԽԽՎ–ի կիրառած պատժամիջոցները` վերնագրելով իր գրառումը` Ադրբեջանցիների հերթական «զոհերը» կամ ԵԽԽՎ կոռուպցիոն բացահայտումների նոր «սերիան» անվանումով։
«Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էի ԵԽԽՎ-ի կողմից ստեղծված հետաքննող անկախ մարմինը Վեհաժողովի գարնանային նստաշրջանի ընթացքում ներկայացրեց ԵԽԽՎ-ում կոռուպցիոն գործընթացների վերաբերյալ իր զեկույցը։ Զեկույցին անհապաղ անդրադարձավ Վեհաժողովի Կանոնակարգի հարցերի հանձնաժողովը։
ԵԽԽՎ ամառային նստաշրջանի ընթացքում Վեհաժողովի Կանոնակարգի հարցերի հանձնաժողովը շարունակեց կոռուպցիայի վերաբերյալ զեկույցի բացահայտումների շուրջ իր աշխատանքը։
Մասնավորապես՝ հանձնաժողովը սահմանեց պատժամիջոցներ զեկույցում նշված պատգամավորների հանդեպ՝ տարանջատելով ներկա եւ նախկին պատգամավորներին:
Դիտարկվեցին 14 նախկին պատգամավորների գործերը, որոնց թվում են՝ Ագուստին Կոնդեն, Ալան Դեստեքսը, Լուկա Վոլոնտեն, Կարին Շտրենցը, Էլխան Սուլեյմանովը, Գորան Լինդբլադը, Տադեուշ Իվինսկին և ուրիշներ։
Յուրաքանչյուր պատգամավորի դեպքը ուսումնասիրելուց և յուրաքանչյուր պատգամավորի կողմից Կանոնակարգի խախտման աստիճանը որոշելուց հետո՝ հանձնաժողովը սահմանեց հետևյալ պատժամիջոցները՝ պատվավոր անդամի կոչումից զրկում, Եվրոպայի խորհուրդ և խորհրդարանական վեհաժողով մուտք գործելու իրավունքից ընդմիշտ զրկում»,–գրել է պատգամավորը։
Արփինե Հովհաննիսյանը նաև տեղեկացրել է, որ հանձնաժողովը շարունակելու է իր աշխատանքներն այս ուղղությամբ և հետամուտ է լինելու կոռուպցիայի վերաբերյալ զեկույցի յուրաքանչյուր բացահայտմանը։ Նա խոստացել է նաև, որ իր այս շարքը կլինի շարունակելի։