Առաջարկել են կառավարության ընկերները. ո՞վ է զբաղեցրել գեներալ Մանվելի որդու տեղը

Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանը պատմել է, թե ով է նրա թեկնածությունն առաջարկել այդ կարևոր պաշտոնում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Արդարադատության նախարարության նախկին աշխատակից Դիանա Գասպարյանին Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարի պաշտոնում առաջարկել են նրա ընկերները կառավարությունից։ Այդ մասին Գասպարյանը պատմել է «Արմենիա» հեռուստաընկերության «Ժամը» լրատվական ծրագրի թղթակցին։

Երեկ Հայաստանի տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Էջմիածնի քաղաքապետարանի աշխատակիցներին ներկայացրել է քաղաքապետի պաշտոնակատար Դիանա Գասպարյանին։

Գասպարյանը 2013թ-ից աշխատել է երկրի արդարադատության նախարարությունում։ 2008թ-ից ընդգրկված է եղել ընդդիմադիր գործունեության մեջ։

Կկալանավորվի արդյո՞ք Նազիկ Ամիրյանը. մեկնաբանում է ՀՔԾ պետը

«Այսօր իմ ընդդիմադիր ընկերներն աշխատում են կառավարությունում։ Նրանք առաջարկել են իմ թեկնածությունը», — ասել է Գասպարյանը։

Նա թեև կառավարման փորձ չունի, բայց վստահ է, որ եթե ընտրվի Հայաստանի հոգևոր կենտրոնի քաղաքապետ, իր մոտ ամեն ինչ կստացվի։ Էջմիածնի քաղաքապետի պաշտոնակատարը չի պատրաստվում կապվել քրեական կլանի հետ. դա իրավապահ մարմինների գործն է։

Նա չի պատրաստվում ինչ-որ մեկին ազատել աշխատանքից, սակայն եթե կոռուպցիոն սխեմաների մասնակցություն հայտնաբերվի, Գասպարյանը ոչ ոքի չի խղճա։

Նա խնդրել է Էջմիածնի նախկին քաղաքապետին փոխանցել, որ ցանկացած պահի կարող է գալ իր իրերի հետևից։ Առաջին բանը, որը նրան զարմացրել է աշխատանքի վայրում, սրբապատկերների քանակն է։ Գասպարյանը ծրագրում է առաջիկայում հանդիպել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ։

Հիշեցնենք, որ գեներալ Մանվել Գրիգորյանի որդին` Կարեն Գրիգորյանը, հունիսի 17-ին հրաժարվել է Էջմիածնի քաղաքապետի պաշտոնից։