Դա բոլորին է պետք. ՀՀ առողջապահության նախարարը` դեղատոմսերի մասին

Դեղատոմսային դեղորայքը պետք է դուրս գրի միայն բժիշկը։ Սակայն պետք է նաև բավարար չափով բժիշկներ լինեն, որպեսզի մարդիկ իմանան` ում դիմեն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Դեղատոմսային դեղորայքը պետք է տրամադրվի միայն դեղատոմսով, վաղ թե ուշ բոլորը դա պետք է հասկանան։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Այսօրվա նիստի ընթացքում որոշվել է հետաձգել կառավարության որոշումը, որի համաձայն` պետք է ուժի մեջ մտնի դեղորայքը դեղատոմսով տրամադրելու մասին օրենքը։ Հիմա այն պետք է ուժի մեջ մտնի հուլիսի 1-ից։

Նախարարությունն այսպես թե այնպես դեմ է, որ հակաբիոտիկները, թմրանյութերը և հոգեմետ նյութերն առանց դեղատոմսի տրամադրվեն։

«Մենք պարզապես պատրաստվելու ժամանակ ենք տալիս։ Մանրամասն բացատրական աշխատանք է պետք, որպեսզի մարդիկ հասկանան` դա բոլորին է պետք», — ասաց նախարարը։

Քննադատությունից բացի, պետք է հասկանալ` արդյո՞ք հանրապետությունում բավարար բժիշկներ կան, ու արդյոք պահվում է մադկանց ու բուժաշխատողների թվի հարաբերակցությունը։ Այսինքն, եթե պահանջում են, որ մարդը դեղատոմսի համար բժիշկի դիմի, ուրեմն ՀՀ առողջապահության նախարարությունը պարտավոր է այնպես անել, որ բժիշկը տեղում լինի։

Նախարարն ավելացրեց, որ առողջապահության նախարարությունն առաջիկայում կուսումնասիրի այդ հարցը։