Դավիթ Հարությունյանն աշխատանք է որոնում. «Հրապարակ»

Փաստաբանների գործը հեղափոխությունից հետո լավացել է, նախկին իշխանավորներից շատերն են այս օրերին լավ փաստաբանի կարիք զգում:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. «Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ համացանցում տեղեկություն տարածվեց, թե արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը մտադիր է իրեն փորձել փաստաբանի դերում, և որ դա նրան խորհուրդ են տվել իր փաստաբան եղբայրները: Փաստաբանների գործը հեղափոխությունից հետո լավացել է, նախկին իշխանավորներից շատերն են այս օրերին լավ փաստաբանի կարիք զգում: Նշված էր, որ առաջիկայում հնարավոր է Հարությունյանը զբաղվի որևէ օլիգարխի շահերի պաշտպանությամբ: Դավիթ Հարությունյանը մեզ հետ զրույցում չհերքեց այս տեղեկությունը՝ որոշ ճշգրտումներով: Նա ասաց, որ ոչ թե փաստաբանությամբ, այլ հնարավոր է իրավաբանական խորհրդատվությամբ զբաղվի:

«Ծառուկյան» խմբակցության նոր պատգամավոր կարող է դառնալ Դավիթ Հարությունյանը

Փաստաբանությամբ զբաղվելու համար, նկատենք, նախ պետք է փաստաբանի լիցենզիա ձեռք բերել և այլն: «Դա կարող է լինել իրավաբանական խորհրդատվական գրասենյակ, բայց չեմ կարող ասել՝ հաստատ էդ ճանապարհն եմ ընտրել:

Ընդհանուր առմամբ, հետևյալը կասեմ, քանի որ ես բիզնեսմեն չեմ, բնականաբար, որոնում եմ, թե ինչով եմ զբաղվելու: Դա գործընթաց է, ես չեմ բացառում նաև այդ տարբերակը, որ կզբաղվեմ իրավաբանական խորհրդատվությամբ»,- ասաց նա՝ նշելով, որ չի պատրաստվում այս պահին դառնալ փաստաբան: Չբացառեց նաև, որ իրավաբանական խորհրդատվությամբ կարող է զբաղվել հենց իր եղբոր՝ Հայկ Հարությունյանի «Հարությունյան և գործընկերներ» իրավաբանական ընկերությունում: «Իհարկե, ինչ-որ տեղ պետք է աշխատեմ, չէ՞, դրա համար էլ որոնումների մեջ եմ»,- հավելեց նախկին նախարարը՝ նորմալ համարելով, որ փորձում է զբաղվել որևէ աշխատանքով: Իսկ հնարավոր է առաջիկայում ստանձնի նախկին իշխանավորներին իրավաբանական խորհրդատվություն տրամադրելու հոգսը, և իր՝ այս դաշտ մտնելը նաև դրանով է պայմանավորված:

Հարությունյանը կարճ պատասխանեց՝ դրանք իրար հետ կապված չեն: Հարցրինք նաև՝ նոր իշխանությունների կողմից որևէ առաջարկ եղել է, փորձել են օգտագործել իր ռեսուրսները: «Եթե խոսքը վերաբերում է հանրային ծառայության պաշտոնին, ապա՝ ոչ: Իսկ տարբեր առաջարկություններ, բնականաբար, ես ստանում եմ տարբեր ոլորտներից, և´ Հայաստանից, և´ դրսից: Որոնումների փուլում եմ, կարծում եմ՝ դեռ մտածելու ժամանակ ունեմ, որովհետև ինձ պետք է աշխատանք, որը նաև ինձ հետաքրքրի»,- ասաց նա: Իսկ եթե նոր իշխանությունների կողմից առաջարկ լիներ աշխատել արդարադատության նախարարի պաշտոնում, կհամաձայներ, Դավիթ Հարությունյանը բացասաբար պատասխանեց»: