Հիվանդանոցներից մեկում բարձրացրել ենք աշխատավարձը, մյուսներում էլ կբարձրացնենք. Թորոսյան

Աշխատավարձը կարելի է բարձրացնել առանց կողմնակի օգնության, պետք է միայն կրճատել անպետք ծախսերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Հայաստանի առողջապահության նախարարությունը փորձելու է բարձրացնել բժիշկների աշխատավարձերը նաև այլ հիվանդանոցներում։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Երեկ նա իր ֆեյսբուքյան էջում հայտարարություն էր տարածել, որ Տուբերկուլոզի դեմ պայքարի ազգային կենտրոնում (Աբովյան քաղաքում) բժիշկների աշխատավարձը կբարձրանա։

Այնտեղ մոտ 50 բժիշկ է աշխատում. Թորոսյանը հայտնել էր, որ նրանց աշխատավարձը կբարձրանա 25-30%-ով, այսինքն` մոտ 40 հազար դրամով։

Հայաստանի կառավարությունը փրկում է քաղաքացիներին դեղերի համար նոր հերթերից

Դրա համար կողմնակի գումար պետք չի եղել։ Սա «ընդամենը մեկ ամսվա բարեխիղճ կառավարման, ռեսուրսների օպտիմալացման և վատնումների բացառման արդյունք է»։ Պատասխանելով հարցին, թե ինչու է հենց այդ կենտրոնում բարձրացվելու աշխատավարձերը, նախարարը նշեց, որ փոխվել է տնօրենը, որն էլ հենց կարողացել է անել այս ամենը։ «Մեզ հաջողվել է չփոշիացնել միջոցները ու դրա հաշվին բարձրացնել բժիշկների աշխատավարձերը»,- ասաց նա։

Ստուգումներ կլինեն նաև պոլիկլինիկաներում։ Թեև դրանք գտնվում են քաղաքապետարանի կառավարման տակ, բայց առողջապահության նախարարությունից են գումար ստանում։

Հարցին` արդյո՞ք նախարարությունը Այրվածքների կենտրոնի վերաբերյալ նյութեր է հավաքում, Թորոսյանը նշեց, որ կենտրոնը ներառվել է սեփականաշնորհման ծրագրում, այդ պատճառով գտնվում է Պետական գույքի կառավարման կոմիտեի հսկողության տակ։

Հիմա «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոնի» աշխատանքն ուսումնասիրում է ՀՀ ոստիկանության 6-րդ վարչությունը։