Ինչո՞ւ է Քաղաքաշինության կոմիտեն կասեցնում Արամ Մանուկյանի արձանի տեղադրումը

Քաղաքաշինության պետական կոմիտեն օրենսդրական խախտումներ է նկատել և առաջարկում է քննարկում ծավալել` արձանի տեղադրման թեմայով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի — Sputnik. Քաղաքաշինության պետական կոմիտեն հաղորդագրություն է տարածել, որով փորձել է մեկնաբանել Հայաստանի 1–ին հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի տեղադրման դադարեցման իր որոշումը` նշելով, որ բազմաթիվ դիմումներ և արձագանքներ են ստացել այդ թեմայով։

«Մեզ են դիմում ինչպես մասնագիտական հանրության, այնպես էլ հասարակության լայն շրջանակների ներկայացուցիչներ: Հարցը մեծ տարածում է գտել սոցիալական ցանցերում: Իրենց մտահոգությունն են մեզ հայտնել Ջիմ Թորոսյանի ժառանգները:

Շահբազյան. «Արամ Մանուկյանի արձանը պետք է ոգեշնչող լինի»

Ներկայում, քաղաքաշինական նորմերի խախտումներով կատարվում են արձանի տեղադրման աշխատանքներ՝ ճարտարապետներ Ջիմ Թորոսյանի և Մկրտիչ Մինասյանի հեղինակությամբ նախագծված համալիրի տարածքում:

Անհրաժեշտ է ուշադրություն հրավիրել մի քանի կարևոր հանգամանքի.

Նշված աշխատանքները, համաձայն ՀՀ օրենսդրության, անհրաժեշտ էր համաձայնեցնել այդ բնագավառում լիազոր մարմնի` ՀՀ մշակույթի նախարարության հետ, ինչը չի կատարվել` խախտելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի և ՀՀ կառավարության համապատասխան որոշման պահանջները:

Արձանի տեղադրման հարցը չի ներկայացվել Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական, բնապահպանական, հաղորդակցության և տրանսպորտի խորհրդի քննարկմանը:

Խախտվել է նաև «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքը»,–ասված է հաղորդագրության մեջ:

Հաշվի առնելով թվարկված հանգամանքները՝ Քաղաքաշինության կոմիտեն անհրաժեշտ է համարում դադարեցնել արձանի տեղադրման շինարարական աշխատանքները, կազմակերպել համատեղ քննարկում շահագրգիռ գերատեսչությունների հետ և տվյալ համալիրի տարածքում որևէ արձանի տեղադրման նպատակահարմարության հարցը դարձնել հանրային քննարկման առարկա:

1 / 3
Արամ Մանուկյանի արձանը
2 / 3
Արամ Մանուկյանի արձանը
3 / 3
Արամ Մանուկյանի արձանը