Ոստիկանությունը բացահայտել է. Մալիշկա համայնքի ղեկավարը յուրացրել է խոշոր չափերի գումար

Ընտանիքի անդամներին մարզիչ է գրանցել ու աշխատավարձ սահմանել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Ոստիկանությունը տեղեկություններ է ստացել, որ Մալիշկա համայնքի ղեկավարը, անձնական շահագրգռվածությունից ելնելով, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, իր կնոջը և երկու որդիներին ձևակերպել է Մալիշկայի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող մարզադպրոցում որպես մարզիչներ։ Այս մասին հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։

Իրավապահները պարզել են, որ նրանք փաստացի չեն հաճախում աշխատանքի և ամսական ստանում են ընդհանուր 800.000 — 900.000 դրամ:

Պարզվել է նաև, որ 2016-2017թթ. ընթացքում Մալիշկայի համայնքապետարանի ընթացիկ նորոգման և պահպանման համար դուրս է գրվել շուրջ 29.000.000 դրամ, սակայն իրականում աշխատանքները կատարվել են մասնակի, ինչի արդյունքում Մալիշկա համայնքի ղեկավարի կողմից յուրացվել են խոշոր գումարներ:

Կատարվում է քննություն: