ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. Օլյա Իոսիֆովան արդեն 27 տարի է բնակվում է Գյումրու Գարեգի Նժդեհ 7 հասցեում տեղակայված տեքստիլագործների նախկին հանրակացարանում: Տիկին Օլյան Երևանից է եկել Գյումրի՝ տեքստիլ գործարանում աշխատելու նպատակով: Ապրելու համար Օլյային իր ընտանիքի հետ հատկացրել էին հանրակացարանի սենյակներից մեկը: Հանրակացարանում ահավոր էր, տարրական պայմաններ չկային, նույնիսկ՝ սանհանգույց, իսկ տարիների ընթացքում առանց այն էլ վթարային շենքը դարձավ կյանքի համար վտանգավոր: Ինչպես տիկին Օլյան է ասում՝ ահով ու դողով էին քնում:
«Ահավոր պայմաններ էին: Սկզբում հանրակացարանը ընդհանուր սանհանգույց ունեցել է, բայց տարիների ընթացքում, երբ փլվեց այդ հատվածը, էլ չկար: Մի կերպ էինք ապրում»,-նշեց Օլյա Իոսիֆովան:
Ամեն հորդառատ անձրևից հետո հանրակացարանից պոկված քարերի թիվն ավելանում էր: Թեև պարբերաբար փլուզումներ էին գրանցվում, սակայն տարբեր պատճառերով 8 ընտանիք շարունակում էր բնակվել այստեղ: Վերջին՝ փետրվարի 23-ին գրանցված փլուզման հետևանքով փլվել էին քառահարկի շենքի 3-րդ և 4–րդ հարկերը: Կիսավեր հանրակացարանում բնակվող 3 ընտանիք դեռ մարտին համաձայնեց օգտվել քաղաքապետարանի առաջարկից՝ տեղափոխվելով նոր հասցե Շիրակացի 60/8 հասցե: Նոր կառույցը, թեև նույնպես հանրակացարան է եղել, սակայն ավելի լավ պայմաններ ունի, և ինչն ամենակարևորն է՝ անվտանգ է:
Տեքստիլագործների նախկին հանրակացարանից 5 ընտանքի, այդ թվում նաև տիկին Օլյային, հունիսի 27-ին ընդունեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, այնուհետ քաղաքապետը բնակիչներին փոխանցեց Սավոյան 4 հասցեի շենքում գտնվող իրենց սենյակների բանալիները: Ընտանիքներին հանձնելով սենյակների բանալիները` Բալասանյանը նշեց, որ «սենյակները իդեալական չեն, բայց անհամեմատելի են նախկին պայմանների հետ»: Քաղաքապետի հետ ունեցած հանդիպումից հետո բնակիչները ուղևորվեցին նոր հասցե: Սենյակները, թեև այս պահին քաղաքապետարանի հաշվեկշռում են, սակայն բնակիչների հետ հանդիպման ժամանակ Սամվել Բալասանյանը հնարավոր համարեց դրանք հետագայում` սեփականության իրավունքով բնակիչներին հանձնելու առաջարկը:
Այս պահին հանրակացարանի ևս 3 բնակիչ շարունակում է մնալ վթարային կառույցում՝ հրաժարվելով տեղափոխվել առաջարկված տարածքներ: Ըստ կադաստրից ստացած սեփականության վկայականների՝ հանրակացարանի շենքն ունի տարբեր սեփականատերեր: Բնակիչներին տեղափոխելուց հետո կսկսվեն քանդման աշխատանքները: