ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Որոշ անդամ պետությունների կողմից ՍԾՏՀԿ-ի հարթակը չարաշահելու և քաղաքականացնելու շարունակական փորձերը բացասաբար են ազդում ոչ միայն տարածաշրջանում բազմակողմ տնտեսական համագործակցության, այլև Կազմակերպության առանցքային հիմքերի վրա։ ՍԾՏՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 38-րդ հանդիպմանն այս մասին ասել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Նման փորձերը խարխլում են ՍԾՏՀԿ` որպես տարածաշրջանային տնտեսական արդյունավետ կազմակերպության նկատմամբ վստահությունը։ Մենք պետք է վճռականորեն կանխենք այդպիսի վտանգավոր միտումները, այդ թվում՝ ՍԾՏՀԿ Խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում, որը պետք է աջակցի կազմակերպության առանցքային նպատակների իրականացմանը՝ ՍԾՏՀԿ-ի մնացած կառույցներից անկախ զուգահեռ գործունեությամբ զբաղվելու փոխարեն»,- ասել է Զոհրաբյանը։
Նրա խոսքով` բաց սահմանները, ապաքաղաքականացված, անկաշկանդ, ազատ և ընդգրկուն տարածաշրջանային համագործակցությունը, որպես այս կազմակերպության առանցքային նպատակներ, նույնպես կարևոր պայմաններ են տարածաշրջանում կայունության և խաղաղության խթանման համար։