Հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից, կանխել կրկնաքվեարկությունը, մաքրել ցուցակները.Զեյնալյան

Ըստ նախարարի` արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար անհրաժեշտ է ապահովել օրենսդրական և տեխնիկական համապատասխան պայմաններ՝ դրանք ազատ և արդար կազմակերպելու և անցկացնելու համար։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էջի միջոցով անդրադարձել է Վենետիկ կատարած աշխատանքային այցի մանրամասներին։ Նա ներկայացրել է իր ելույթը` Վենետիկի հանձնաժողովի 115-րդ լիագումար նստաշրջանի ժամանակ:

«Թավշյա հեղափոխության» չլուծված խնդիրները, կամ կվերադառնա՞ ՀՀԿ–ն իր նախկին նիրվանային

«Հիմնական շեշտադրումս հետևյալն էր, որ մեզ համար առաջնահերթ նշանակություն ունեն արտահերթ խորհրդարանական ընտրությունները, ինչի համար անհրաժեշտ է ապահովել օրենսդրական և տեխնիկական համապատասխան պայմաններ՝ ընտրություններն ազատ և արդար կազմակերպելու և անցկացնելու համար: Մի քանի խոսքով ուրվագծել եմ նաև մեր փոփոխությունների ուղղությունը՝

• Հրաժարվել ռեյտինգային ընտրակարգից՝ ապահովելով մաքուր համամասնական ընտրակարգ,

• Ներդնել կրկնաքվեարկությունները կանխելու մեխանիզմներ,

• Մաքրել ընտրական ցուցակները,

• դատական պաշտպանության իրավունքը դարձնել գործնականում իրագործելի,

• և այլն»,–գրել է նախարարը:

Զեյնալյանն իր խոսքում նաև նշել է, որ թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ կառավարությունն իր առջև խնդիր է դրել կառուցել մի երկիր, որտեղ մարդն իրեն երջանիկ կզգա: Մեր կառավարության ամենամեծ առաքելությունն է ժողովրդին վերադարձնել՝ իշխանությունը ձևավորելու իր անառարկելի իրավունքը: