Տարոն Մարգարյանի հրաժարականի դիմումն արդեն գրվա՞ծ է. քաղաքապետարանի պատասխանը

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է, թե ինչ սցենարով են զարգանալու Տարոն Մարգարյանի հրաժարականին հաջորդող իրադարձությունները։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnk. Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ապագայի շուրջ տեսլականն արդեն որոշակի է դառնում: Նրա հրաժարականի դիմումն արդեն գրված է, վերջինս էլ մի քանի օր է՝ աշխատանքի չի գնում: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։

Sputnik Արմենիան փորձեց տեղեկությունը ճշտել քաղաքապետարանից։

«Ես նման տեղեկություն չունեմ»,- ասաց Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է նաև, որ այժմ անորոշ իրավիճակ է քաղաքապետարանում, հատկապես նրա հետ մտերմիկ հարաբերություններ ունեցող պաշտոնյաների շրջապատում, որոնք ևս չգիտեն իրենց ապագան:

«Տարոն Մարգարյանի վերաբերյալ տեսանյութի պատասխանները կտան իրավապահ մարմինները». Փաշինյան

«Սակայն ակնհայտ է, որ Տարոն Մարգարյանի ապագան կանխորոշված է: Ակնհայտ է, որ այս փուլում Նիկոլ Փաշինյանի կառավարության գերխնդիրը խորհրդարանական ընտրություններն են, սակայն միաժամանակ չեն թողնի, որ մինչ այդ հենց Տարոն Մարգարյանը մնա քաղաքապետ»,- նշված է հոդվածում:

Ըստ թերթի` Տարոն Մարգարյանի հրաժարականից հետո քաղաքապետի պաշտոնում նրան կփոխարինի ավագանու ՀՀԿ անդամ, «Սինոփսիսի» ղեկավար Հովիկ Մուսայելյանը, ում ընտրելու են հենց ավագանու անդամները:

«Արդեն խորհրդարանական ընտրություններից հետո ավագանու նիստերը երեք անգամ չեն կայանա, որից հետո այն, ՏԻՄ մասին օրենքի համաձայն, ինքնաբերաբար կլուծարվի, և կգնան արտահերթ ընտրությունների»,- գրում է «Ժողովուրդը»:

Թերթը նշում է, որ արդեն դրանից հետո քաղաքապետի պաշտոնում երկու անձի անուն է քննարկվում՝ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյան և ԿԳ նախարար Արայիկ Հարությունյան: