ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում Երևան ժամանած Սանկտ Պետերբուրգի նահանգապետի տեղակալ Աննա Միտյանինայի գլխավորած պատվիրակությունն այցել է Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցել Հայոց ցեղասպանության զոհերին։
Ավելի վաղ նրանց հետ հանդիպել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Հանդիպմանը մասնակցել են նաև Սանկտ Պետերբուրգում ՀՀ գլխավոր հյուպատոս Հրայր Կարապետյանը և Սանկտ Պետերբուրգում Երևանի քաղաքապետարանի ներկայացուցչության ղեկավար Արմենակ Կարապետյանը:
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից ողջունելով հյուրերին՝ Կամո Արեյանը նկատել է, որ արդեն ավանդական դարձած Երևանում Սանկտ Պետերբուրգի և Սանկտ Պետերբուրգում Երևանի օրերի անցկացումը մեկ անգամ ևս փաստում են, որ երկու քաղաքների միջև ձևավորված հարաբերությունները բարձր մակարդակի վրա են և աչքի են ընկնում իրենց խորը բարեկամական անշահախնդրությամբ:
Արեյանը նաև համոզմունք է հայտնել, որ այս օրերին կազմակերպվող միջոցառումներն ու աշխատանքային հանդիպումները գործնական նոր որակ կհաղորդեն Երևանի և Սանկտ Պետերբուրգի միջև ծրագրերի իրականացմանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Աննա Միտյանինան նախ խնդրել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին փոխանցել Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյի ջերմագին ողջույնները՝ ընդգծելով, որ Սանկտ Պետերբուրգի կառավարությունն իսկապես առանձնակի է կարևորում Երևանի հետ հարաբերությունները, որոնք առանձնանում են ոչ միայն արդյունավետ ու հաջողված փոխգործակցությամբ, այլև բարեկամական ամուր կապերով: Հատկանշելով, որ վերջին տարիներին Երևանի և ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի միջև հաստատված համագործակցությունը նոր թափ և որակ է ստացել, Սանկտ Պետերբուրգի նահանգապետի տեղակալը նաև նկատել է, որ դա իր գործնական արտացոլումն է ունեցել և ունենում քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում իրականացված ու իրականացվող ծրագրերի հաջողությամբ կյանքի կոչման հարցում:
Հանդիպման ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել նաև Երևանում անցկացվող Սանկտ Պետերբուրգի օրերի շրջանակում իրականացվող միջոցառումների ու գործնական հանդիպումների վերաբերյալ: