Արտահերթ ընտրություններ. ժամկետները Փաշինյանի նպատակների՞ց են կախված

Հայաստանում արտահերթ ընտրությունների անցկացման ժամկետը կախված է նրանից, թե ինչ նպատակներ է իր առաջ դնում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարծում է ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է հենց վաղն արտահերթ ընտրություններ անցկացնել, բայց եթե նա ձգտում է բարեփոխել ընտրական համակարգը, դրա համար ժամանակ է պետք, Sputnik Արմենիային ասաց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը։

«Չեմ կարող ընտրությունների անցկացման ժամկետները նշել։ Քաղաքական ուժերը կքննարկեն այդ հարցը։ Կառավարության ծրագրում նշված է, որ դրանք անհրաժեշտ է անցկացնել մեկ տարվա ընթացքում։ Խորհրդարանն այդ ծրագիրը հաստատել է։ Օպտիմալ տարբերակն այնպիսին պետք է լինի, որ քաղաքական բոլոր ուժերը կարողանան պատրաստվել ընտրություններին», — նշեց Շարմազանովը։

Նրա կարծիքով` Ընտրական օրենսգրքի բարեփոխումը և անհապաղ ընտրությունների անցկացումը երկու տարբեր հարցեր են։ Փոխխոսնակն ընդգծեց` համակարգը բարեփոխելու, միջազգային կառույցների դրական գնահատականները ստանալու, հասարակական և քաղաքական կոնսենսուս ապահովելու համար ժամանակ է պետք։

Կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումներ. պայքա՞ր, թե՞ շոու

Շարմազանովը հայտնեց, որ ՀՀԿ-ն պատրաստ է ԸՕ-ի փոփոխություններին և արդեն մասնակցել է առաջին քննարկումներին։ Հանդիպմանը մասնակցել են ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչներ Դավիթ Հարությունյանը, Արփինե Հովհաննիսյանը, Վիգեն Սարգսյանը։

«Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչն է առաջնահերթ` արագ ընտրությունների անցկացո՞ւմը, թե՞ կոնսենսուսը։ Փաշինյանն ասել է, որ քաղաքական ուժերը պետք է հավասար հնարավորություններ ունենան», — նշեց Շարմազանովը։

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության ծրագիրը ներկայացնելիս հայտնել էր, որ ՀՀ ԱԺ արտահերթ ընտրությունները պետք է անցկացվեն մեկ տարվա ընթացքում։

ՀՀԿ-ն որոշում է կայացրել աջակցել ԱԺ արտահերթ ընտրություններին և Փաշինյանի կառավարության ծրագրին։ Մասնավորապես, արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ անդամ Դավիթ Հարությունյանը հայտնել է, որ կուսակցությունը «սկզբունքորեն դեմ» չէ ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացմանը։