«Ուրախ, բաց մարդ է». Լապշինը ծանոթացել է ՀՀ նախագահի հետ. լուսանկար

Բլոգեր Ալեքսանդր Լապշինը Վաշինգտոնում ծանոթացել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ և գովել նրան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ԱՄՆ-ում ծանոթացել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Այս մասին նա հայտնել է Facebook-ի իր էջում։

«Վաշինգտոնում ծանոթացա Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ, ի զարմանս ինձ, նա բաց, ուրախ մարդ է», — գրել է Լապշինը։

Բլոգերը նաև Բաքվին «կծելու» առիթը բաց չի թողել` նշելով, որ սպասում է ադրբեջանական ԶԼՄ-ների նյարդային արձագանքին։

«Հաղթանակած Նավթաստանի հետախուզությունը կտեսնի նախագահի հետ լուսանկարը և կորոշի` Լապշինը հաստատ գումար է ստացել դաշնակցականներից», — գրում է բլոգերը։

2016 թվականի վերջին Լապշինը Մինսկում ձերբակալվել էր Ադրբեջանի հարցման համաձայն, որը նրան «սև ցուցակի» մեջ էր ընդգրկել առանց Բաքվի համաձայնության Արցախի Հանրապետություն այցելելու պատճառով: Բելառուսի գլխավոր դատախազությունը որոշում էր ընդունել Ադրբեջանի հարցումը բավարարելու և Լապշինին հանձնելու մասին:

Ավելի ուշ Ադրբեջանի նախագահը ներում էր շնորհել բլոգերին, և նա ազատ էր արձակվել, որից հետո բլոգերը պատմել էր, որ նրան ծեծի են ենթարկել, սակայն դա հանրությանը ներկայացվել է որպես ինքնասպանության փորձ, որպեսզի հետո այդ միջադեպն օգտագործվի որպես «ներման ձևական պատճառ»։