ՌԱԴԻՈ

Սարգսյան. «Մենք պետք է օգնենք, որ ամերիկացները հասկանան` ադրբեջանցիները խաբել են, թե ոչ»

Քաղաքագետ Սուրեն Սարգսյանը Sputnik Արմենիա ռադիոկայանի եթերում խոսում է Ադրբեջանում հայտնված Bell 412 ամերիկյան ուղղաթիռների մասին։
Sputnik
Սուրեն Սարգսյան

Սարգսյանը նշում է, որ լուսանկարներ կան, որոնցում հստակ երևում է` ուղղաթիռներից մեկը թռնում է Բաքվի վրայով, իսկ մյուսի վրա էլ դաջված է Ադրբեջանի պետական դրոշը։

«Մենք կարող ենք վստահաբար ասել, որ եթե նույնիսկ այդ ուղղաթիռները ձեռք են բերվել որպես քաղաքացիական ուղղաթիռներ, ապա հետագայում դրանց վրա համապատասխան ձևափոխություններ են արվել, և դարձել են ռազմական նշանակության ուղղաթիռներ»,- նշում է քաղաքագետը։

Սարգսյանի խոսքով` միակ հարցը, որ մնում է պարզել, այն է, թե ինչպես են դրանք հայտնվել Բաքվում. ԱՄՆ-ից գնել են որպես քաղաքացիական և հետո դարձրել ռազմակա՞ն, թե՞ դրանք այդուհանդերձ ձեռք են բերվել այլ պետություններից, որտեղ էլ դրանք ռազմականացվել են։

«Մենք մեր ամերիկացի գործընկերներին պետք է օգնենք, որ նրանք հասկանան` արդյոք ադրբեջանցիները իրականում խաբել են, եթե ձեռք են բերել որպես քաղաքացիական, հետո դարձրել ռազմական»,- նշեց Սարգսյանը։

Հիշեցնենք` ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ հունիսի 26-ին` բանակի ստեղծման 100-ամյակի կապակցությամբ կազմակերպվող զորահանդեսի ժամանակ, ամերիկյան արտադրության Bell-412 երկու ուղղաթիռ են ցուցադրել։ Ուղղաթիռները վերջերս են հայտնվել Ադրբեջանի ՌՕՈՒ-ում։

ԱՄՆ-ի օրենսդրությունը արգելում է զենք մատակարարել միմյանց հետ հակամարտող երկրներին։ Հայաստանն ու Ադրբեջանը ևս այդ արգելքի տակ են։ Բացի այդ, արդեն մոտ 25 տարի ԱՄՆ-ում գործում է 907-րդ բանաձևը, որն արգելում է երկրի կառավարությանը որևէ օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, եթե այդ օգնությունը կարող է օգտագործվել Հայաստանի դեմ։